2021 թվականի հունվարին Կառավարությունը հավանություն է տվել էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին՝ գործողություններ սահմանելով մինչեւ 2040 թվականը: Էներգետիկ անկախության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսել է զարկ տալ հատկապես վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, այդ թվում արեւային էներգետիկայի:
Այս տարվա մարտին Կառավարությունը մեկնարկել է Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը: Նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում բարելավել Հայաստանի տնտեսության էներգաարդյունավետությունն ու խրախուսել էներգախնայողությունը, ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը՝ որպես էներգետիկ անվտանգության ու հուսալիության բարձրացման եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց։ Ծրագրով 2030 թվականին արեւային էներգիայի արտադրության բաժինը պետք է հասցնել 15 տոկոսի կամ 1000 ՄՎտ-ի:
Եթե 2020-ի հուլիսի 1-ի դրությամբ ցանցին միացած էր մինչեւ 500 կՎտ հզորության 2 հազար 669 արեւային ինքնավար կայան (ընդհանուր 49,5 ՄՎտ դրվածքային հզորության), ապա 2021-ի սեպտեմբերին՝ 5 հազար 915-ը (ավելի քան կրկնակի՝ 112 ՄՎտ դրվածքային հզորության): Կառավարությունը էներգետիկայի ոլորտում առաջնահերթությունները սահմանելիս կրկնակի աճ կանխատեսել էր երեք տարվա ընթացքում. ստացվում է, որ ընդամենը մեկ տարում կրկնակի ավելացել է արեւային ինքնավար կայանների արտադրած էներգիայի քանակը ու շարունակում է ավելանալ:
Արեւային էներգետիկայի արտադրության մեջ, սակայն, ինքնավար կայանները մեծ տեղ չեն զբաղեցնում, առյուծի բաժինն ընկնում է խոշոր արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններին, որոնցից մի քանիսն արդեն շահագործման են հանձնվել, մյուսները կառուցման փուլում են:
Ներկայում ամենամեծը Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում 13 հեկտար տարածք զբաղեցնող արեւային կայանն է, որն ունի մոտ 5,8 ՄՎտ պիկային հզորություն։ Այսինքն՝ ժամում ունակ է սնուցելու 100 փոքր գյուղ: Այն առաջինն է տարածաշրջանում, որ կառուցել են արեւին հետեւող համակարգով:
Այս տարվա հուլիսին «Օպտիմում Էներջի» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում ավարտել է 5,6 ՄՎտ դրվածքային հզորության արեւային կայանի կառուցման աշխատանքները:
Մինչեւ 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն ունեցող կայանները երկու տասնյակից ավելի են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ դրանց գումարային դրվածքային հզորությունը կարող է լինել մինչեւ 100 ՄՎտ։
Երկամյա դադարից հետո օգոստոսին «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն վերսկսել է արդյունաբերական նշանակության ներկայում ամենախոշոր՝ 55 ՄՎտ հզորության «Մասրիկ 1» ՖՎ կայանի շինարարական աշխատանքները: Դրանք դադարել էին 44-օրյա պատերազմի ու Քովիդ-19 համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով:
Համեմատության համար նշենք, որ այն կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան հարկավոր է ավելի քան 20 հազար տուն էլէկտրաէներգիայով ապահովելու համար, եւ թույլ կտա կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որ տեղի են ունենում նույնքան էներգիա, օրինակ, ՋԷԿ-երում արտադրելու հետեւանքով:
Ծրագրի իրականացմանն աջակցում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական միությունը, որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչեւ 38 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: ՄՖԿ-ն եւ ՎԶԵԲ-ը կտրամադրեն առաջնակարգ վարկեր եւ ներդրումային դրամաշնորհ, որը ԵՄ-ից կնեգրավի ՎԶԵԲ-ը:
«Մասրիկ 1» ՖՎ կայանի շինարարությունը կտեւի 24 ամիս՝ այդ ընթացքում ստեղծելով շուրջ 150 աշխատատեղ: Շահագործման փուլում կլինի 25-30 աշխատատեղ:
Էլեկտրակայանը կառուցվելու է Մեծ Մասրիկ գյուղից արեւմուտք ընկած 97,4 հեկտար հարթ տարածքում։
Արեւային էներգետիկայի բուռն զարգացումը, սակայն, լի է սոցիալական ու բնապահպանական խնդիրներով, որոնց հընթացս կարգավորումը հապաղում է:
Այդ մասին խոսում են ոչ միայն բնապահպաններն ու քաղհասարակությունը, այլեւ Կառավարության անդամները: Այս տարվա մարտին տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ գործող կարգավորումներով արեւային կայանները բեռ են դարձել պետության համար։ Նա թյուր տպավորություն է համարել, թե արեւային կայանները հրաշք են, եւ պետք է ամբողջ երկիրը պատել դրանցով։
Հաշվի առնելով, որ արեւային էներգետիկայի զարգացումը Կառավարության սահմանած առաջնահերթություններից է՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն որոշել է մշտադիտարկել հատկապես արդյունաբերական արեւային ՖՎ կայանների կառուցման ու շահագործման ընթացքը:
«Արագ կերպով տրամադրվում են լիցենզիաներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) հաշվետվությանը դրական եզրակացություն են տալիս՝ հաշվի չառնելով ռիսկերը: Հանրության մասնակցությունը համայնքներում նախագծի քննարկման գործընթացում պատշաճ չի ապահովվում: Մարդիկ տեղյակ չեն իրենց օգուտներից ու վնասներից»,- ասում է կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
Մինչեւ 5 ՄՎտ հզորության կայաններն ընդանրապես ՇՄԱԳ չեն անցնում, քանի որ ոլորտի օրենսդրական կարգավորումները հստակ չեն սահմանում արեւային կայանների նախագծերի ՇՄԱԳ-ի խնդիրները։
Օրինակ՝ «Հելիոս էներջի» ՍՊԸ-ն «Հելիոս-1» արեւային կայանի կառուցումը սկսել է 2020-ին եւ այս տարի մեկնարկել շահագործումը՝ արտադրված էլեկտրաէներգիան ցանցին վաճառելով ՀԾԿՀ սահմանած 22,547 դրամ/կՎտժ սակագնով:
«ԼիՄար գրին» ՍՊԸ-ն 1,23 ՄՎտ հզորություն ունեցող «Սօպօտ» կայանի արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 25,052 դրամ/կՎտժ սակագնով:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով «Գ» կատեգորիայի ընթացակարգով 40 հա եւ ավելի տարածք զբաղեցնող արեւային էլեկտրակայանների գործունեությունն է ենթակա ՇՄԱԳ-ի, մինչդեռ վերոնշյալ կայանները ավելի քիչ տարածք են զբաղեցնում: «ԷկոԼուրի» փորձագետները ուշադրություն են հրավիրում խնդրին, քանի որ պարզ չեն նման արեւային կայանների գործունեության շրջակա միջավայրի հնարավոր ազդեցության կանխարգելմանն ուղղված գործողությունների մշակման հարցերը։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության ու փորձաքննության» մասին օրենքը լրամշակվել է՝ նախատեսելով կարգավորումներ նաեւ այս ոլորտի համար, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է: Իսկ մինչ այդ արեւային կայանները «կանաչ ճանապարհ» ունեն:
«Հարկավոր է նորմատիվ բազա ունենալ, որ կառավարվեն ռիսկերը: Մենք, չունենալով կամ մեծ բաց ունենալով այդ առումով, տալիս ենք շահագործման հնարավորություն»,- ասում է տիկին Զարաֆյանը:
Քանի որ «Մասրիկ 1»-ը կառուցվում է Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ ԵՄ-ի աջակցությամբ, «ԷկոԼուրի» թիմն ավելի մանրամասն է ուսումնասիրել, թե որքանով է այն համապատասխան վերջիններիս որդեգրած սոցիալական եւ բնապահպանական քաղաքականությանը: Համեմատում են, թե ինչ օգուտներ պետք է ունենան համայնքը եւ երկրի տնտեսությունը, քանի որ Կառավարությունը նման մեծ նախագծերին տալիս է մեծ առավելություններ:
Ըստ Ինգա Զարաֆյանի՝ խնդիրներից մեկն այն է, որ 14 ֆերմերներ ստիպված են եղել վաճառել իրենց հողատարածքները, հետեւապես զրկվել եկամտի աղբյուրից: Կայանի կառուցման համար տրամադրվել են նաեւ համայնքային հողեր, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության:
Հանդիպումներ են ունեցել Վարդենիս համայնքի եւ Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչների ու ղեկավարների հետ, քննարկել «Մասրիկ-1» արեւային կայանի կառուցման ծրագրի շրջանակում պարտավորություններն ու սոցիալական աջակցության հարցերը: Պարզել են, որ նրանք չգիտեն, թե ինչ օգուտներ ունեն: «Երբ ստեղծվեն աշխատատեղեր, նոր կհասկանանք»,- ասել են տեղացիները:
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ներկայում ամենամեծ արեւային կայանի կառուցման ֆինանսավորման գործարքի միջնորդ «Ամերիաբանկ»-ի էջից տեղեկանում ենք. «Ծրագրի շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կնքվել է էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր, որի համաձայն արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի համայնքին` զգալի օգուտ բերելով վերջինիս»:
Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը մշտադիտարկման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել, «ԷկոԼուր»-ի թիմին խոստացել հետեւողական լինել, որ ամեն ինչ օրենքներին համապատասխան լինի, համայնքապետարանի աշխատակիցներն էլ ասել են, որ հետեւողական կլինեն, որ ընկերությունն իր սահմանած բնապահպանական եւ սոցիալական միջոցառումները լիարժեք իրականացնի:
«ՇՄԱԳ-ում գրված է, որ կայանն ունի մշտական մագնիսական եւ էլեկտրական դաշտի ազդեցություն, բայց չկա գնահատում, թե ինչ ազդեցություն է՝ լավ, վատ, ինչ հետեւանքներ կարող է ունենալ մարդու առողջության վրա: Առողջապահության նախարարությունը չի կարեւորել այս հանգամանքը»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Խնդիր կա նաեւ էլեկտրոնային թափոնների կառավարման առումով, պարզ չէ, թե դրանց կառավարման ու հեռացման ծախսերն ով է հոգալու: Առհասարակ դրանք դրվում են շահագործող ընկերության վրա, բայց «Մասրիկ-1»-ի դեպքում նման պայման չկա:
Մշտադիտարկող կազմակերպության փորձագետները համոզված են, որ տրամադրած փոխհատուցումը չի համապատասխանում ներդրող ֆինանսավորողների պահանջներին: Կարծում են, որ տարաբնույթ ռիսկեր կան: Առաջին հայացքից իսկ տեսանելի է, որ գյուղատնտեսական հողի կայուն օգտագործման պայմանը չի պահպանվել: Ներկայում վերլուծում են հավաքած տեղեկատվությունը եւ շուտով կհրապարակեն իրենց եզրակացությունը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։