Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորման փորձերի գագաթնակետը եղել է 2008 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 6-ը, երբ նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երեւան: Առիթը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը դիտելն էր:
Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը պատասխան այցով եղավ Թուրքիայում, բայց դա աննախադեպ չէր, քանի որ Հայաստանի բոլոր նախագահները միջազգային համաժողովների կամ այլ արարողությունների շրջանակներում այցելել էին հարեւան հանրապետություն:
Սարգսյանը պատասխան ֆուտբոլային հանդիպումից մոտ 13 ամիս առաջ ընդունել էր Գյուլի հրավերը, սակայն արել էր վերապահում. «Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կա’մ կանցնեմ բաց սահմաններով, կա’մ էլ կլինի դրա նախօրյակին»:
«Ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացը ձախողվեց, քանի որ ղարաբաղյան հակամարտության հարցում տեղի չունեցավ ստատուս-քվոյի փոփոխություն, որը կբավարարեր Ադրբեջանի նվազագույն պահանջները եւ հնարավորություն կտար Անկարային՝ վերջ տալու Հայաստանի տնտեսական շրջափակմանը:
Սերժ Սարգսյանն ու իր թիմը համոզել էին իրենց, որ հնարավոր է հայ-թուրքական ճեղքում առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ դրա մեկնարկի: Սարգսյանն անգամ հայտարարում էր, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացման արարողությանը տեսնում է նաեւ Իլհամ Ալիեւի ներկայությունը՝ այսպիսով ակնարկելով, որ ղարաբաղյան կարգավորումը առնվազն կարող է լինել զուգահեռ գործընթաց հայ-թուրքականի հետ:
Երբ հայկական կողմը համոզվեց, որ Անկարան քայլ չի անելու, քանի դեռ ղարաբաղյան հարցում չկա գործընթաց, ավելի պարզ լեզվով՝ հայերը հող չեն վերադարձնի Ադրբեջանին, Սարգսյանը 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները։
Այս ընթացքում հայկական կողմը, անզիջում գտնվելով ղարաբաղյան գործընթացում, զիջումների գնացել էր այլ հարցերում: Այսպես՝ երկու արձանագրություններով Երեւանը համաձայնել էր հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը, որը պետք է քննարկեր պատմական հարցեր, անուղղակի կերպով վերահաստատել էր 1921 թվականի Կարսի պայմանագիրը, որով հաստատվել են Թուրքիա-Հայաստան այսօրվա սահմանները, ֆուտբոլային երեւանյան հանդիպումից առաջ մեր ազգային հավաքականի թիմի շապիկներից հանել էր Արարատ սարը եւ փոխարենը գնդակ դրել:
Հայաստանն ու մեր դիվանագիտությունը պարտվել էր ժամանակի հարցում՝ կզիջենք, երբ կցանկանանք, երբ պետք կլինի:
Այսօր, երբ ղարաբաղյան հարցում մենք ստիպված են եղել զիջել շատ-շատ ավելին, քան ժամանակին խնդրում-պահանջում էին թուրքերը, անգամ հայ վերլուծաբաններն ու քաղաքագետներն են զարմացած հարցնում՝ Թուրքիան ինչո՞ւ չի բացում սահմանը:
Դիվանագիտության մեջ կարեւորագույնը ոչ միայն ուժն է, այլեւ ժամանակը: Երբ դու հաղթական դիրքերից ես բանակցում եւ առանց պատերազմի վերադարձնում Արցախի շուրջը գտնվող շրջանները կամ դրանց մի մասը կամ մի քանի գյուղ, ապա դա կարող ես ներկայացնել փոխզիջում եւ դիմացը բան պահանջել-ստանալ:
Երբ դու Աղդամը, Ֆիզուլին համարում ես հայրենիքի մի մասը, պատերազմում կորցնում ես այն եւ հայրենիքի մյուս մասերը, ապա դու փոխզիջելու բան չես ունենում:
Հայաստանն այսօր ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ բանակցային կտոր (bargaining chip) չունի: Այսպես է եղել մեր պատմության ամբողջ ընթացքում:
1918-ին, երբ թվում էր՝ հնարավոր է պահել Կարսն ու Արդահանը, հայ քաղաքական միտքը՝ կուսակցություններ, անհատներ, լսել անգամ չէին ուզում Բրեստ-Լիտովսկի պայմանագրի մասին: Երբ թուրքական բանակները հասան Ախուրյանի սահմաններ, հայերը աղաչում էին թուրքերին, որ Կարսը մնա հայկական: Թուրքերն ասում էին՝ արյուն է թափվել, այդ մասին այլեւս չենք կարող խոսել:
1920-ին, երբ հնարավոր էր թվում Հայաստանի կազմում պահել Կարսը, որ բրիտանական 3000-անոց զորքի օգնությամբ միացվել էր ՀՀ-ին, հայ քաղաքական միտքը կուրացավ Սեւրի 160 հազար քառակուսի կիլոմետր հայրենիք ունենալու խոստումով:
Արդյունքում մենք կրկին կորցրինք Կարսը, պարփակվեցինք 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, իսկ կարճ ժամանակ անց հայտնվեցինք Խորհրդային Միության կազմում:
Դիվանագիտության մեջ կարեւորագույնը ժամանակի ընկալումն է: Շատ հայեր, ինչպես 1918-ին, 1920-ին կամ 1998-ից մինչեւ 2020-ի աղետալի պատերազմը, համոզված էին, որ ժամանակը աշխատում է մեր օգտին:
Մենք պարտվել ենք Արցախում, իսկ Թուրքիա-Հայաստան սահմանը շարունակում է փակ մնալ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։