ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ավելի քան 2 հազար օտարերկրյա զինծառայող է ներգրավված «Վոստոկ-2022» ռազմավարական զորավարժությունների կոալիցիոն զորախմբում։
ՀՀ զինծառայողներից բացի՝ զորավարժություններին մասնակցում են նաեւ Ադրբեջանի, Ալժիրի, Հնդկաստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Զորավարժություններին լրացուցիչ ներգրավված են Ղազախստանի, Լաոսի, Մյանմայի, Նիկարագուայի եւ Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների օպերատիվ խմբերը։
«Վոստոկ-2022» ռազմավարական զորավարժությունների հիմնական փուլն անցկացվում է Պրիմորսկի երկրամասի Սերգեեւսկի զորավարժարանում, որը հնարավորություն է ընձեռում անցկացնելու միջտեսակային եւ համատեղ զորավարժություններ զենքի բոլոր տեսակների, ներառյալ մինչեւ 500 կգ տրամաչափի ռումբերի եւ «Իսկանդեր–Մ»–ի օպերատիվ–մարտավարական հրթիռների կիրառմամբ։
«Վոստոկ-2022»–ը անցկացվում է սեպտեմբերի 1-7-ը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի ղեկավարությամբ 7 զորավարժարաններում` «Բուրդունի», «Գորյաչիե Կլյուչի», «Կնյազե–Վոլկոնսկի», «Լուգանսկոյե», «Սերգեեւսկի», «Տելեմբա», «Ուսպենովսկի», ինչպես նաեւ Օխոտի եւ Ճապոնական ծովերի ջրային տարածքներում եւ ափամերձ գոտիներում։
Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված են 50 հազար զինվորական, ավելի քան 5000 միավոր սպառազինություն եւ զինտեխնիկա, դրանց թվում՝ 140 անօդաչու, 60 մարտական նավ, զբոսանավ եւ տեխնիկական նավ։