ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը 2025-2026 թվականներին կկառուցվի Մեծամորի գործող ԱԷԿ-ի տարածքում։ Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հարցերը քննարկման փուլում են։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի հզորությունը, ռեակտորի մոդելը, տեխնիկական այլ պարամետրեր, ինչպես նաեւ ֆինանսավորման կառուցվածքը, աղբյուրները, պայմանները եւ ժամկետները կհստակեցվեն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումից հետո:
«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից դեռ հունիսին հայտնել էին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։ Մասնավորապես քննարկվել է ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կառուցվածքի, դրա կատարման տեխնիկական առաջադրանքի եւ կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների հարցեր:
Ավելի վաղ դիտարկվում էին ինչպես խոշոր, այնպես էլ միջին հզորության մեկ կամ մի քանի կայանի (300-600 ՄՎտ) կամ նույնիսկ էներգաբլոկների (50-150 ՄՎտ) կառուցման տարբերակներ։ Առայժմ ընտրությունը կատարվել է հօգուտ խոշոր կայանի։