ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երեւանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքին վերաբերող հարցեր։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի։
Միրզոյանը կարեւորել է ռուսական կողմի ջանքերը, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորմանը: Վերահաստատվել է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը:
Զրուցակիցները կարեւորել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ սադրանքների կանխման, ԼՂ հայ բնակչության անվտանգության եւ կենսագործունեության պայմանների ապահովման գործում։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաեւ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։