«Ռոսստատի» տվյալներով 2022-ի սկզբից Ռուսաստանից Հայաստան է մեկնել 49 հազար մարդ։ Տարեսկզբից Ռուսաստանը լքել է 419 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկիրը լքել էր 202 հազար մարդ։ Ներգաղթը 2022-ին նվազել է 96 հազարով այն դեպքում, երբ 2021-ին աճել էր 114 հազարով։
Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է մեկնել 368 հազար մարդ, վերադարձել է 294 հազարը (միգրացիոն արտահոսքը եղել է 73 հազար՝ 2021-ի 111 հազարի համեմատ)։ Ավելի քան 50 հազար մարդ մեկնել է արտասահման, իսկ 27 հազարը վերադարձել է (նվազել է 23 հազարով՝ 2021-ի 2500 աճի դիմաց)։
Ռուսաստանից ամենաշատը մեկնել են Ուկրաինա (79,6 հազար), Տաջիկստան (58,4 հազար), Հայաստան (49 հազար), Ղրղզստան (43,6 հազար), Ղազախստան (40,7 հազար) եւ Ուզբեկստան (38,6 հազար): ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից այս հարցում առաջատարներն են եղել Չինաստանը (6600), Վիետնամը (5400) եւ Հնդկաստանը (4100):
Տարեսկզբից Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել 64,5 հազար մարդ։ Ամենաշատ փախստականներն ապրում են Մոսկվայում՝ 215 մարդ։
«Ռոսստատի» տվյալներով տարեսկզբից Ռուսաստանում բնակչության ընդհանուր թիվը նվազել է 480,6 հազարով կամ 0,33%-ով։ Բնակչության բնական անկումը եղել է 383,8 հազար մարդ, որը 2021-ի (421,9 հազար) համեմատ նվազել է։
2014-ից Ռուսաստանում ծնվածների բացարձակ թիվը նվազել է` 2021-ի վերջին եղել է 1,39 միլիոն մարդ, ինչը 3 տոկոսով պակաս է 2020-ի արդյունքից։