Մկրտչյանների 14-հոգանոց ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Էդիկ եւ Վարդիթեր Մկրտչյանները 13 երեխա են լույս աշխարհ բերել՝ 9 աղջիկ, 4 տղա: Տղաներից մեկին կորցրել են հիվանդության պատճառով: Ավագ դուստրը՝ Վեներան, 25 տարեկան է, կրտսերը՝ Արեւիկը՝ 3 ամսական:
Ընտանիքում մշտական եկամուտ ունի միայն Վեներան, կարի արտադրամասում է աշխատում: Վեներայի աշխատավարձը, սակայն, դեռ ընտանիքին չհասած, հարկադիրը գանձում է. բանկերում պարտքեր ունեն: Տան հայրը՝ Էդիկը, եւ 20-ամյա Արտուշը գյուղատնտեսական սեզոնային աշխատանքով են զբաղվում, սակայն վերջերս առողջությունը լքել է Էդիկին, ընտանիքը զրկվել է եկամտի մի աղբյուրից:
«Մեր հիմնական ապրուստի միջոցը պետության տրամադրած ընտանեկան նպաստն ու երկու երեխաների հաշմանդամության թոշակն են: Առաջին հայացքից շուրջ հարյուր հազար դրամը քիչ չէ, բայց տասնչորս հոգի ենք, միայն հացի եւ առաջնային պարենի ծախսը ավելին է, քան մեր եկամուտը»,- ասում է տիկին Վարդիթերը:
Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Անի Մկրտչյանը շուրջ հինգ տարի է՝ այցելում է Մկրտչյանների ընտանիքին: Անին նույնպես փաստում է, որ թոշակ-նպաստն ու ընտանիքի անդամների չնչին եկամուտը բավարար չեն միջին ապրելակերպ ապահովելու համար: Ընտանիքին ժամանակ առ ժամանակ օգնում են նաեւ որոշ բարեգործական կազմակերպություններ եւ անհատ բարերարներ: «Մկրտչյանների եւ նրանց նման ընտանիքների հարցը խորքային է: Զարմանալի է, բայց որքան աջակցում ու օգնում են այս ընտանիքներին, առաջխաղացում չկա ու չկա»:
Կարիքավոր ու բազմազավակ ընտանիքների հետ ամենօրյա շփում ունեցող մասնագետն ասում է՝ պետական քաղաքականությունն է պետք փոխել, ոչ թե թոշակ-նպաստ տալ եւ սպասել, որ այլ արդյունք ենք ունենալու: «Այլ մոտեցում է պետք որդեգրել, օրենսդրական փոփոխություններ անել: Այս մարդկանց մշտական հոգածություն է պետք: Հարկավոր է խթանել ընտանիքի չափահաս անդամների աշխատունակությունը: Մեթոդներ գտնել, որ նրանք աշխատեն ու իրենց ուժերին վստահեն, իսկ պետության աջակցությունը դիտարկեն որպես հարակից օժանդակություն, ոչ թե հակառակը»: Անին առաջարկում է նաեւ, որ պետությունը զիջի նման ընտանիքների հողի եւ այլ հարկերը:
Տիկին Վարդիթերը, սակայն, ոչ միայն դժվար կյանքից է նեղված, այլեւ Կառավարությունից: Ծնողական փառքի մեդալ ստանալու համար դիմել է, մերժվել: «Ասացին՝ երեխաներիցդ երկուսը հաշմանդամ են, քեզ մեդալ չի հասնում: Շատ խորն եմ վիրավորված. ո՞վ կուզենա, որ իր երեխան հիվանդ լինի»,- ասում է տիկին Վարդիթերն ու հավելում, որ երեխաներից մեկի հիվանդությունը բուժվող է: Խնդրում է, որ աջակցեն, երեխան ոտքի կանգնի:
Ի դեպ, ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության եւ ընտանիքի ամրապնդման հարցերում:
Մեդալ ունենալը ենթադրում է նաեւ ամսական 100 հազարական դրամի պետական աջակցություն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։