Սերբիայի փոխվարչապետ Զորանա Միխայլովիչը հայտնել է, որ Բելգրադը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրի վաղաժամկետ կնքման շուրջ։ Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հարավային գազային միջանցքի նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար ավելի է մեծացել։
Միխայլովիչը նշել է, որ Սերբիան կարող է դառնալ ոչ միայն կասպիական տարածաշրջանից գազի սպառող, այլեւ տարանցիկ երկիր, որը հետագայում այդ գազը կփոխադրի տարածաշրջանի այլ երկրներ։
Հարավային գազային միջանցքով Ադրբեջանը գազ է մատակարարում Եվրոպա 2020-ի դեկտեմբերի 31-ից։ Նախատեսվում է, որ Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկ գազատարով տարեկան ութ միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու Իտալիա, մեկական միլիարդ խորանարդ մետր գազ էլ՝ Հունաստան եւ Բուլղարիա։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ու Բուլղարիայի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Նիկոլա Ստոյանովը քննարկել են Բուլղարիա գազի մատակարարումները Հունաստան-Բուլղարիա 82 կիլոմետր երկարությամբ՝ Ինտերկոնեկտորի (IGB) առեւտրային շահագործման շրջանակում: Դրանով ադրբեջանական գազը կարտահանվի Բուլղարիա, եւ կընդլայնվի Տրանսադրիատիկ գազատարը: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է մոտ 600 միլիոն խորանարդ մետր գազ արտահանել Բուլղարիա: