Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մեկնարկած Արեւելյան տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Հայաստանը հույս ունի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի հետ «ինտենսիվ խոսակցություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առթիվ։
«Հույս ունենք՝ Ռուսաստանը, ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակից, այլեւ Ադրբեջանի շատ մոտ գործընկեր, կօժանդակի այդ հարցում։ Ադրբեջանի համար դա եւս հնարավորություններ է ստեղծում»,- շեշտել է Հայաստանի վարչապետը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանն ու Ալիեւը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Բրյուսելում։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ առաջընթաց կա, պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Այդ նպատակով Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է հանդիպեն։