Օրերս կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող վանդալիզմի ենթարկված կիսանդրիները:
Պիպոյանն ահազանգ է հնչեցրել, որ Ջերմուկի կենտրոնական այգու կիսավեր հսկայական մի համալիրում հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիները պղծվել են։
«Ես շատ կիսանդրիներ եմ տեսել, սակայն գեղագիտության ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ գրեթե չեմ հանդիպել։ Ընդ որում՝ բոլոր կիսանդրիներն էլ շատ հաջողված են, ինչը եզակի երեւույթ է մեր իրականության մեջ։ Դեռ մի երկու-երեք տարի առաջ դրանք դեռեւս միայն մրոտված էին տարբեր անճաշակ գույներով, ու դեռ կարելի էր փրկել։ Վիճակը սարսափելի է հիմա, երբ համարյա բոլոր կիսանդրիները կա՛մ կոտրված են, կա՛մ վերջնականապես անարգված (ուրիշ բառ չգտա)»:
Պիպոյանը հարց է հնչեցրել՝ մի՞թե Ջերմուկի իշխանությունները կատարվածը չեն տեսնում:
Ջերմուկի համայնքապետարանից, սակայն, «Ալիք Մեդիա»-ի հարցին ի պատասխան ասացին, որ իրենք այս հարցով ոչինչ անել չեն կարող, թեեւ ցավում են կատարվածի համար: Ջերմուկի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Արսեն Գառնիկյանը նշեց՝ շինությունը, որտեղ գտնվում են կիսանդրիները, համայնքին չի պատկանում: «Կուլտուրայի նախկին պալատը սեփականաշնորհվել է դեռեւս 2000 թվականին: Շատ հաջողված աշխատանքներ են այդ կիսանդրիները, ափսոսում ենք, որ նման իրավիճակ է ստեղծվել»,- ասաց Գառնիկյանը:
Ըստ Ջերմուկի ճարտարապետի՝ համայնքը հնարավորություն չունի զբաղվելու խնդրով: «Մենք որեւէ լծակ չունենք, որ ասենք՝ սեփականատե՛ր, սարքի՛ր»:
Գառնիկյանն ասում է՝ լուսանկարների տարածումից հետո էլ համայնքային իշխանությունը ոչ մի գործընթաց սկսել չի կարող: Թռուցիկ անդրադարձ եղել է համայնքապետարանում, բայց միայն այդքանը: «Շինությունը մերը չէ, անգամ ներս մտնելու իրավունք չունենք, որովհետեւ ուրիշի սեփականությունն է: Չենք կարող նրանց վրա ազդել ու ոչ միայն նրանց. համայնքի մյուս սեփականաշնորհված տարածքներում գտնվող կոթողների պահպանությամբ էլ զբաղվել չենք կարող»:
Ճարտարապետը վստահեցնում է՝ համայնքապատկան շինությունների, մշակութային ժառանգության նկատմամբ հսկողությունը գերազանց վիճակում է, իրենք հետեւում են, մարդիկ էլ ուշադիր ու հոգատար են:
Լուսանկարները՝ Սամվել Պիպոյանի ֆեյսբուքյան էջից
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: