Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն, որտեղ հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ:
Իր ֆեսյբուքյան գրառման մեջ նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Կանզասի միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
«Բարձր եմ գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաեւ ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը»,- գրել է Պապիկյանը։
Ամերիկացի գեներալն իր հերթին նշել է, որ Հայաստանն արդեն տասնամյակներ շարունակ Կանզասի ավանդական գործընկերն է եւ պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների եւ զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։
Պաշտպանության նախարարի պաշտոնում սա Սուրեն Պապիկյանի առաջին այցն է Միացյալ Նահանգներ։ Թե ինչ նպատակով է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն ԱՄՆ-ում եւ ինչ հանդիպումներ են նախատեսված, ՊՆ-ն չի մանրամասնել։
Սեպտեմբերի 7-ը՝ Հայաստան-Կանզաս գործընկերության օր
Սեպտեմբերի 7-ին ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Կանզաս նահանգի միջեւ երկար տարիների պատմություն ունեցող եւ բարձր մակարդակի հարաբերությունները։
Նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջեւ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ ավելի վաղ տեղի ունեցած` գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Իր հերթին տիկին Լորա Քելլին շնորհակալություն է հայտնել Կանզաս այցելելու համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը գործադրել առավելագույն ջանք` տարիների ընթացքում ձեւավորված համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում։ Հանդիպման ավարտին Լորա Քելլիին հրավիրել եմ այցելել Հայաստան»,-նշել է Պապիկյանն իր թվիթերյան գրառման մեջ:
Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի, Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։