Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ալբանիայի կառավարությունը սեպտեմբերի 7-ին հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ այդ քայլի պատճառը հուլիսի 15-ին երկրի դեմ իրականացված ծավալուն կիբերհարձակումն էր, որի հետեւանքով կաթվածահար էր եղել երկրի պետական կառավարման ամբողջ համակարգը։
«Համապարփակ հետաքննությունն ապացուցել է, որ Ալբանիան պետական հովանավորությամբ իրականացվող կիբերհարձակման թիրախ է դարձել։ Այդ հարձակումը ծրագրել եւ ֆինանսավորել է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- հայտարարել է Ալբանիայի վարչապետը։ Նա պահանջել է, որ Ալբանիայում հավատարմագրված իրանցի դիվանագետները, ինչպես նաեւ դեսպանության տեխնիկական անձնակազմը 24 ժամվա ընթացքում լքեն երկիրը։