Մենք լավն ենք, մենք ուժեղ ենք, մեր հակառակորդը չի կարող ունենալ մեր հնարավորությունները, որովհետեւ մենք գալիս ենք դարերի խորքից, խելոք ենք, իսկ նրանք՝ ոչ։ Մենք այնքան լավն ենք, որ աշխարհի ուժեղները պետք է մեզ պաշտպանեն։ Նրանք պարտավոր են։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Որովհետեւ մենք արդար ենք։ Արդար են մեր ցանկություններն ու մեր ձգտումները։ Մեզ եղեռնի են ենթարկել, մենք հիշում ենք այն ու պահանջում ենք։ Արդարություն ենք պահանջում:
Մերն են եղել այն տարածքները, որոնց վրա այսօր ապրում են մեր հարեւանները։ Եթե ոչ ամբողջը, գոնե մի մասը պետք է հետ բերենք։ Մենք պատմական արդարությունն ենք վերականգնում։ Մեր հարեւանները մեզ թշնամի են, մենք պետք է կռվենք ու հաղթենք նրանց։ Թշնամու հետ չեն զրուցում, թշնամուն հաղթում են։ Թշնամու հետ զրուցելն ու ապագա քննարկելը պարտվողականություն է ու դավաճանություն։
Տարիներ շարունակ այս պատկերացումները եւ այս ձեւակերպումներն են հնչել մեզանում։ Այս մոտեցումներն են ուղղորդել մեզ ու հասցրել այս հանգրվան։ Դրանց պատճառով է, որ այս փակուղում ենք։ Հասել ենք մի սահմանի, որից այն կողմ անդառնալին ու անվերականգնելին են։ Ուշքի գալու, իրականությունն ընդունելու պահն է։
Իսկ իրականությունն այն է, որ իրոք, եղել են ժամանակներ, երբ մենք եղել ենք այն տարածքներում, որոնք այսօր հանգամանքների բերումով մերը չեն։ Մեր ցանկությունը՝ վերադարձած տեսնել դրանք, գուցե բացատրելի են, բայց իրականանալի չեն։ Սա իրողություն է։ Եթե ցանկանում ենք պահպանել այն, ինչ ունենք, ինչը դեռ չենք կորցրել, պետք է հաշվի առնենք մեր հնարավորությունները, մեր հարեւանների հնարավորությունները եւ աշխարհում ընդունված խաղի կանոնները։ Մեր ծրագրերը պետք է լինեն իրատեսական ու իրականանալի։
Ճանապարհը, որով գնացել ու դեռ շարունակում ենք գնալ, մեզ լավ տեղ չի հասցրել։ Այդ ճանապարհին կորցրել ու կորցրել ենք։ Կորուստները ճակատագրական են եղել։ Վերջին մեծ կորուստն արձանագրվեց 2020-ի աշնանը։
2020-ի մեր պարտությունն ու մեր այսօրը, որ այդ պարտության հետեւանք է, օր առաջ այդ ճանապարհից հրաժարվել են թելադրում։ Մեր մոտեցումները, հարեւանների հետ մեր փոխհարաբերությունները, տարածաշրջանում մեր դերի մասին պատկերացումները պետք է վերարժեւորենք ու վերաձեւակերպենք։
Ակնհայտ է՝ առճակատման ու թշնամության շարունակությունը մեզ լավ ապագա չեն խոստանում։ Զրույցները, որ պտտվում են նաեւ այսօր, թե կհզորանանք ու կորցրածը հետ կբերենք, թե կհզորանանք ու հակառակորդին ծնկի կբերենք, ցանկությունների դաշտից են, որոնք իրականություն դառնալու փոքր հավանականություն անգամ չունեն։ Թեկուզ միայն այն պատճառով, որ մեր ու մեր հակառակորդների հնարավորությունները համադրելի չեն։ Թեկուզ միայն այն պատճառով, որ մեր պատրաստվելուն ու հզորանալուն զուգահեռ նրանք նույնպես պատրաստվելու ու հզորանալու են։ Նրանք ձեռքերը ծալած չեն նստելու ու մեր հզորանալուն չեն սպասելու։ Նրանք հզորանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն։
Այսպես արդեն եղել է։ Քսան եւ ավելի տարիներ մենք խաբել ենք մեզ, թե հզոր ենք, թե կարող ենք, թե հաղթելու ենք, բայց պատերազմը բոլորովին այլ պատկեր ցույց տվեց։
Մեր այսօրվա խնդիրը եղածը պահպանելը պետք է լինի։ Իսկ եղածը պետությունն է։ Սրանից ավելի կարեւոր խնդիր լինել չի կարող։ Երկրի ղեկավարման ղեկին գտնվողները, օրվա քաղաքական ուժերն՝ իրար նկատմամբ ունեցած վերաբերմունքից ու ծրագրային տարբերություններից անկախ, պետք է հրաժարվեն ծափահարություններ կորզող ականջահաճո ստից, իրականության նենգափոխումից, հանրությանը հորինվածքներ մատուցելու մարմաջից, առաջնորդվեն իրատեսությամբ ու սառը հաշվարկներով։ Նրանց թիրախում պետք է լինի երկրի ու պետության լինելիությունը, այլ ոչ արկածախնդրությունը, որ ծնվում է իրականության խեղաթյուրված ընկալումից եւ հասցնում հանցավոր անպատասխանատվության։
Ցանկանանք, թե չցանկանանք, նրանցով է պայմանավորված մեր ներկան ու, որքան էլ ցավալի է, ապագան։ Պետք է գիտակցեն նրանք իրենց պատասխանատվությունը, եթե, իհարկե, կարողանան։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։