Ընդամենն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր, թե մեր դաշնակիցները դաշնակցում են նաեւ մեր հակառակորդ երկրների հետ։ Հիշում եք ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առթիվ նրա ուղերձի «մուննաթը», որն ի դեպ, բավական լայն շրջանակների քննադատությանն արժանացավ։
«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,– հայտարարել էր նա։ Թեեւ որեւէ երկրի անուն չէր հնչեցրել, բայց ակնհայտ էր՝ նկատի ունի Ռուսաստանին։ Սա թեկուզ այն պատճառով, որ մեզանում դաշնակից երկիր առաջինը համարվում է ՌԴ–ն․ ամեն դեպքում այդպես է իրավական փաստաթղթերով։
Մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանը ՌԴ–ում Արեւելյան տնտեսական յոթերորդ համաժողովի ելույթում հակառակն էր պնդում, թե ռուս–ադրբեջանական բարիդրացիական հարաբերությունները կարող են դրական հետեւանքներ ունենալ։
Հայտարարելով, որ ԼՂ խնդրի կարգավորման նպատակով Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն է գնում, Փաշինյանը նշել է․«Այս համատեքստում ակնկալում ենք ՌԴ-ի աջակցությունը ոչ միայն որպես ՀՀ ռազմավարական դաշնակցի: ՌԴ-ն նաեւ շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար, կարծում եմ՝ դա հնարավորություն է բացում»:
Փաշինյանը, սակայն, միայն այս հարցում չէ, որ հակասում էր ինքն իրեն։ Նախկինում մի քանի անգամ նա քննադատել էր ռուս խաղաղապահների գործողությունները՝ նրանց անուղղակի մեղադրելով ադրբեջանական ԶՈՒ–ի առաջխաղացման հարցում անգործություն ցուցաբերելու համար։ Ամենաթարմ օրինակը օգոստոսի 4–ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի «մուննաթներն» էին ՌԴ–ի, ռուս խաղաղապահների հասցեին։
«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ… պարզապես անընդունելի են,– հայտարարել էր նա, ապա նշել,- այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»:
Փաշինյանը նաեւ շեշտել էր անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների հարցը։ ՔՊ–ականներն էլ իրենց հերթին էին, Փաշինյանի հայտարարություններից ոգեւորված, անարգանքի սյունին գամում ռուսներին։
Մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանը հակառակն էր պնդում՝ դրվատանքի խոսքեր շռայլելով ռուս խաղաղապահների հասցեին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում նա ասել է․ «Ցանկանում եմ նշել ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը ԼՂ–ում։ Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում, Լաչինի միջանցքում, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է ընդգծել»:
Այսինքն՝ մեկ ամիս առաջ նա քննադատում էր ռուս խաղաղապահների գործունեությունը և հրապարակային դժգոհություն հայտնում այդ առնչությամբ, մինչդեռ Պուտինի հետ հանդիպմանը, ընդհակառակը, «բարձր էր գնահատում» նրանց գործունեությունը։
Ու այստեղ ամենեւին էլ կապ չունի, թե Փաշինյանի պնդումներից որն է ճիշտ, որը՝ սխալ։ Փաստ է, որ նա պարբերաբար հակասում է ինքն իրեն։ Իսկ նրա հայտարարություններին (թեկուզ ներքին լսարանի համար ասված) հետեւում են նաեւ դրսում։
Նիկոլ Փաշինյանը հիմա հազիվ թե նման հարցերի մասին մտածելու ժամանակ ունենա, ավելի լուրջ մեգանախագծեր կան, ինչպես ինքն է ասել․ «Աշխարհն այսօր ապրում է Մարս մոլորակի դյուրացման եւ, մեծ հավանականությամբ, բնակեցման գնալով ավելի ու ավելի շոշափելի դարձող օրակարգով: Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի գիտնականներն ու հետազոտողներն իրենց ներդրումն ունենան քաղաքակրթական այս մեգանախագծին»:
Չմոռանանք նաեւ, որ ֆուտբոլի հավաքականը մինչեւ 2050 թվականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: