Թուրքական Yeni Şafak պարբերականը հայտնել է, որ եվրոպական երկրներում բնակվող թուրքերը էներգետիկ ճգնաժամին ընդառաջ տենդագին պատրաստվում են սպասվող «մղձավանջային ձմռանը»։
«Ռուսաստանը փակել է փականները, իսկ Եվրոպան գազային ճգնաժամի մեջ է։ Երկրները շտապում են հաղթահարել սպասվող մղձավանջային ձմեռը նվազագույն վնասներով։ Թուրքերն այստեղ նույնպես սեփական ծրագրերն են կազմում։ Ոմանք մազութ են կուտակել, ոմանք վառարաններ կառուցել եւ ածուխ գնել կամ նույնիսկ մոմեր են կուտակել՝ հոսանքի անջատումների հնարավոր դեպքերի համար»,– գրում է պարբերականը։
1995-ից Ֆրանսիայում բնակվող թուրքերից մեկը պարբերականի թղթակցին ասել է, որ ամբողջ Եվրոպայում մեծ տնտեսական ճգնաժամ է սկսվել, եւ անհավատալի է, որ այն հնարավոր կլինի հաղթահարել։
Ֆրանսիայում բնակվող մեկ այլ թուրք շինարար էլ պատմել է, որ արդեն վառարան ու շատ մոմեր է գնել, քանի որ լուրջ մտահոգություններ ունի: «Ֆրանսիայի կառավարությունն ասում է, որ կվերաբացի ատոմակայաններն ու բնական գազ կներկրի այլ երկրներից, օրինակ՝ Ալժիրից: Այնինչ մամուլում Ֆրանսիայի նախագահի նկատմամբ Ալժիրի քաղաքացիների բացասական վերաբերմունք է նկատվում»,- նշել է նա։
Ավստրիայում բնակվող երեք երեխաների մայր մի կին էլ պատմել է սննդի գների աննախադեպ աճի մասին։ Նա ասել է, որ աշխատավարձերն ու նպաստները մնացել են նույնը, ինչը բնականաբար դժվարություններ է ստեղծում մասնավոր կարիքները հոգալու եւ վճարումներ կատարելու համար։
«Կառավարությունը հնարավորինս օգնում է, բայց դա բավարար չէ, ես չեմ հասկանում իշխանության քաղաքական գիծը։ Ֆինանսական դժվարություններից խուսափելու համար որոշ բաներ ստիպված սահմանափակել ենք։ Ռեստորանները, սպորտը, զվարճանքները արդեն վերջացած են»,- ասել է թուրք կինը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Արեւմուտքը, էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվելով, քաղում է Ռուսաստանի եւ, մասնավորապես, ՌԴ նախագահի նկատմամբ կիրառած պատժամիջոցների պտուղները։ Մինչդեռ, ըստ Էրդողանի, Թուրքիան գազի հարցում դժվարություններ չունի: