ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում 1 միլիոն 22 հազար 831 ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներից կորոնավիրուսով հիվանդացել է 42 հազար 359-ը կամ 4,1%-ը:
ՔՈՎԻԴ-19-ով կրկնավարակվելու դեպքերն աճել են: Ամսական աճը կազմել է 1376, իսկ համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով կրկնակի վարակվել է 20 հազար 748 մարդ։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ հիվանդների թվի ավելացում է գրանցվել նաեւ ռիսկի խմբերում։ 2022-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 0-18 տարեկան 20 հազար 752 մարդու մոտ։ Ամսական աճը եղել է 1121։ Ավելացել է նաեւ մուլտիսիստեմային բորբոքման համախտանիշով մինչեւ 18 տարեկան հիվանդների թիվը՝ հասնելով 165-ի (+3):
Ինչ վերաբերում է հղիներին, մեկուկես ամսվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել 362 կնոջ մոտ։ Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից՝ 2020-ի մարտի 1-ից 2022-ի սեպտեմբերի 1-ը ՔՈՎԻԴ-19-ը հայտնաբերվել է 6531 հղիների մոտ:
Սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը եղել է 436 հազար 727: Երկրում կորոնավիրուսից բուժվում է 3016 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսը երկրում խլել է 8662 մարդու կյանք։