Գյումրեցի իրավապաշտպան, «Համաձայն չե՛մ» ընդդիմադիր շարժման համահիմնադիր Կարապետ Պողոսյանն իր բնորոշմամբ արդարություն հաստատելու գործընթաց է սկսել Գյումրիում:
Նա Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից պահանջում է, որ իր կամքով հրաժարական տա: Իրավապաշտպանն ասում է՝ օրվա իշխանության կողքին չլինելու պատճառով դատախազը, օրինազանցելով լիազորությունները, քրեական գործերի շարք է բացել իր վրա:
Քրեական հերթական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ սոցիալական ցանցերում անհայտ մի անձ տեղադրել է Պողոսյանի անչափահաս դստեր լուսանկարն ու սպառնալիքներ հնչեցրել նրա ընտանիքի հասցեին: Այս առիթով քրեական գործը, սակայն, ոչ թե սպառնալիք հնչեցնողի, այլ Կարապետ Պողոսյանի վրա է հարուցվել: Իրավապաշտպանն ասում է՝ փորձել է սեփական ուժերով գտնել սպառնացողին: Նրա էջում գտել է լուսանկար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Տեղադրել է համացանցում եւ խնդրել ճանաչողների արձագանքը: «Ես ասում եմ՝ ո՞վ է ճանաչում այս անբարոյականի որդուն, եւ որպեսզի լուսանկարի տակ չգրեն Ալեն Սիմոնյան, հատուկ շեշտում եմ, որ խոսքը Ալեն Սիմոնյանի մասին չէ։ Դատախազը, փոխանակ անդրադառնալու, թե 10 տարեկան երեխային ով է սպառնում, Ալեն Սիմոնյանին ծանր վիրավորանք հասցնելու համար ի՛նձ վրա է քրեական գործ հարուցում»,- ասում է Կարապետ Պողոսյանը։
Այդ ընթացքում ծանր վիրավորանք հասցնելու 137․1-ին հոդվածը կիրառումից դուրս է գալիս: Պողոսյանն ասում է՝ քննիչը զանգահարում է իրեն, առաջարկում զղջման դիմում գրել եւ ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից, փոխարենը կկարճեն քրեական գործերը: «Ես դիմում չեմ գրում եւ ասում եմ՝ գործ եք հարուցել, տակից դուրս եկեք»: Սրան հաջորդում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հոդվածով քրեական գործի հարուցումը:
Դրանից հետո Պողոսյանը սոցցանցում քննադատական գրառում է արել դատախազ Գուրգեն Գրիգորյանի հասցեին, արդյունքում կարճ ժամանակ անց իրեն են մոտեցել քաղաքացիական անձինք, որոնք կապ չունեն ո՛չ դատախազության, ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ-ի հետ: «Թաղի քրեական ենթամշակույթ կրող տղերք էին: Ինձ առաջարկեցին գնալ գործարքի եւ առհասարակ հեռու լինել դատախազից, դադարեցնել ֆեյսբուքյան գրառումները»,- ասում է Կարապետ Պողոսյանը։
Պողոսյանը թարմ դեպք է հիշում, երբ վերջերս Գյումրիում ձերբակալեցին մարդկանց՝ քրեական ենթամշակույթ կրելու եւ տարածելու համար։ «Դու գողերին բռնում ես, քո ծանոթներին փորձում ես էս քաղաքում գող դարձնե՞լ»,- ասում է իրավապաշտպանը։
Կարապետ Պողոսյանն ակնկալում է, որ գլխավոր դատախազությունը քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ համագործակցելու համար քրեական գործ կհարուցի ու կդադարեցնի Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի պաշտոնավարումը։
Շիրակի մարզի դատախազությունը դեռեւս պարզաբանում չի տվել բարձրացված հարցին: Տեղեկություն տրամադրելու դեպքում կներկայացնենք նաեւ դատախազության հակափաստարկները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։