Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով բանակցային գործընթացի ակտիվացման վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են գրեթե նոն-ստոպ ռեժիմով։ Նա հավելել է, որ երբ խոսում ենք ՌԴ-ի եւ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ ճգնաժամի լուծման շուրջ փոխգործակցության, խաղաղ հետկոնֆլիկտային կարգավորման ուղղությամբ աշխատանքի մասին, «ակտիվացում» բառը յուրաքանչյուր հանդիպումից հետո այնքան էլ տեղին չէ։
«Այս տեմպը չի դառնում պակաս ակտիվ. բարձր եւ բարձրագույն մակարդակներում, դիվանագետների եւ միջգերատեսչական հանձնաժողովների մակարդակով շփումների ինտենսիվությունը չի նվազում։ Քննարկումներն ու շփումներն ընթանում են գրեթե ամենօրյա ձեւաչափով»,- շեշտել է Զախարովան։
Ռուս դիվանագետը հայտնել է նաեւ, որ այս օրերին Բաքվում գտնվող ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը քննարկելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ մոտ ժամանակներս Խովաեւը ծրագրում է այդ նպատակով այցելել նաեւ Երեւան։
Ընդհանուր առմամբ, ռուսական կողմն առաջնային նշանակություն է տալիս եռակողմ հայտարարությունների իրականացմանը՝ ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանազատումն ու սահմանագծումը, քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումների ամրապնդումը: Բոլոր մակարդակներում ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բոլոր կետերն ամբողջությամբ իրականացվեն։
Ըստ Զախարովայի՝ այդ խնդիրների լուծումը հնարավորություններ կապահովի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար:
Բրյուսելում չի հաջողվել ԼՂ -ի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել. Փաշինյան
Վլադիվոստոկում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 31-ին Բրյուսելում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ օրակարգի կարեւորագույն հարցերի շուրջ: Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ամենակարեւոր կամ ՀՀ-ին հուզող ամենակարեւոր հարցերի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել:
«Բայց մյուս կողմից էլ երկուստեք՝ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը, արձանագրում են խաղաղության հասնելու եւ խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, եւ այլեւս քննարկելու բան չկա։
«Մեր դիրքորոշումը եւ ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չեն համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- նշել է Հայաստանի վարչապետը` հավելելով, որ Բաքվի տեսակետին այդ հարցում համաձայն չէ նաեւ Մոսկվան։
Ավելի վաղ Փաշինյանը Վլադիվոստոկում հայտարարել էր, թե Հայաստանը հույս ունի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի հետ «ինտենսիվ խոսակցություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առթիվ։
«Հույս ունենք՝ Ռուսաստանը՝ ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակից, այլեւ Ադրբեջանի շատ մոտ գործընկեր, կօժանդակի այդ հարցում։ Ադրբեջանի համար դա եւս հնարավորություններ է ստեղծում»,- շեշտել է Հայաստանի վարչապետը։