ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների:
Գերությունից ազատված հինգ գերիներն են 1996-ին ծնված Մարտին Մուշեղի Աղրամանյանը, 1998-ին ծնված Աշոտ Արտակի Գեւորգյանը, 1996-ին ծնված Ֆելիքս Արտաշեսի Գրիգորյանը, 1990-ին ծնված Վարազդատ Անուշավանի Մանուկյանը եւ 1999-ին ծնված Էդիկ Տիգրանի Հովսեփյանը:
Առաջին չորս տղաները Գյումրիից են, Էդիկ Հովսեփյանը՝ Վանաձորից:
Հայկական կողմը ողջունել է այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի գերագույն դատարանը մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները եւ ազատ է արձակել նրանց։
Սա 2022-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների երրորդ փոխանցումն է Հայաստանին։ Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրել է 8 զինվորականների, մայիսի վերջին փոխանցել է դրանից մեկ ամիս առաջ ադրբեջանական տարածքում հայտնված ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին:
Մինչ օրս Ադրբեջանից հայրենադարձվել է 155 գերի։
Հայկական կողմի չհաստատված տվյալներով Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։
Միեւնույն ժամանակ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում 303 մարդ համարվում է անհայտ կորած։