Ադրբեջանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության եռակողմ հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաեւը հայտարարել է, թե Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։
«Բաքուն շահագրգռված է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաեւ խաղաղ պայմանագրի ստորագրման համար պատրաստ է բանակցությունների։ Հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա»,– ասել է Մուստաֆաեւը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան աշխատանքային խմբի նիստի շրջանակում։
Ընդ որում` նա նշել է, որ Երեւանն ու Բաքուն կարող են հարաբերությունները կարգավորել միայն «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման շրջանակում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման դեպքում»:
Մուստաֆաեւը հավելել է, որ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) ձեւաչափի շնորհիվ տարածաշրջանային անվտանգությունը կամրապնդվի:
Ըստ նրա` նոր իրողությունների պայմաններում Բաքուն պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության բոլոր նախաձեռնություններին։
«3+3» ձեւաչափով առաջին հանդիպումն անցկացվել է 2021-ի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են տարածաշրջանի 5 երկրների նախարարների տեղակալները (բացառությամբ Վրաստանի ներկայացուցիչների)։
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ «3+3» ձեւաչափով հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչեւ այս տարվա վերջը։