Երեւանում բնակվող լրագրող, հանդիսավար Արմեն Հայրապետյանը 2020 թվականին որոշեց նոր բիզնես հիմնել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակ էին ռեստորանները. հեռուստաընկերությունում էլ հաղորդումը դադարեց եթեր հեռարձակվելուց։ Արմենը որոշեց ագրոբիզնես սկսել ու հիմնեց «Ակոս» ընկերությունը։
«Ակոսը» ներկայացնում է գյուղատնտեսական արտադրանք․ օգտագործում է միայն տեղական, էկոլոգիապես մաքուր հումք։ Այն սպառողին առաջարկում է հատիկեղեն, մեղր, մուրաբաներ, չրերի տեսականի, մրգային պաստեղ (թթու լավաշ), թեյեր․․․
Գաղափարը կյանքի կոչելու հարցում Արմեն Հայրապետյանին օգնել է շիրակամուտցիներից մեկը, որն այժմ Ռուսաստանում է։ Իր տունն ու հողատարածքները տրամադրել է Արմենին, երբ իմացել է, որ նա ուզում է գյուղում նոր բիզնես հիմնել։ Տանտերն ասել է՝ ո՛չ տան, ո՛չ էլ հողատարածքների օգտագործման համար վճարել պետք չէ։ Արմենն իր ընտանիքի հետ գործի է անցել։ Հետո «Ակոս»-ի արտադրանքի հաջող սպառմամբ պայմանավորված՝ ընկերությունում նոր աշխատատեղեր են բացվել, թիմը մեծացել է։
Մասնագիտությամբ տնտեսագետ Արմեն Հայրապետյանը գյուղատնտեսության ոլորտում աշխատելու փորձ չի ունեցել, բայց նախապես եւ աշխատանքի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն օգնել են առաջ շարժվելու։
«Գյուղատնտեսությամբ պետք է զբաղվել՝ հետեւելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, այսինքն՝ միայն պապենական մեթոդներով հող մշակելը բավարար չէ դրական արդյունքի հասնելու համար։ Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը։ Անշուշտ, հնարավոր է առանց քիմիկատներ օգտագործելու որակյալ բերք ստանալ։ Իհարկե, հեշտ չէ, բայց համապատասխան հմտություններ ունենալու դեպքում ամեն ինչ հեշտ ու սովորական է դառնում»,- ասում է Արմենը։
Իր աշխատանքով փորձում է ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել որակյալ, առանց թունաքիմիկատների աճեցվող գյուղմթերք, ու հասնել նրան, որ հայկական բրենդը նույնացվի բարձր որակի հետ։
«Հողամասում մշակվող գյուղմթերքը մեր վաճառած արտադրատեսակների մի մասն է, մնացյալը ֆերմերներից ենք գնում։ Մինչ «Ակոս»-ը հիմնադրելը նախ պատկերացրել եմ բիզնես մոդելը՝ գյուղացիներից վերցնել ապրանքը, ապրանքի տեսք տալ, փաթեթավորել, ապա ներկայացնել շուկայում։ Այս ամենից զատ կա մի կարեւոր հարց՝ ինչպե՞ս իրացնել․ այս հարցում, անշուշտ, տնտեսագիտական կրթությունս է օգնում։ Այժմ վաճառքի երեք խողովակ ունենք՝ առցանց հարթակը, խանութները, կորպորատիվ համագործակցությունները։ Մեր արտադրատեսակն արտահանել ենք նաեւ Ռուսաստան։ Հուսանք՝ արտահանման ծավալները կմեծանան»,- ասում է Արմեն Հայրապետյանը։
Նա ջանում է տարբեր տեղերից հայթայթել ու Հայաստանում աճեցնել թեյերի նոր տեսակներ, որոնք մեր երկրում սովորաբար չեն աճեցվում։
Այժմ Արմեն Հայրապետյանի մշակած հողատարածքում աճեցվում է անանուխի 6 տեսակ, այդ թվում՝ բանանի ու շոկոլադի համով անանուխ։ Շոկոլադի համով անանուխը ստեղծել են հոլանդացի սելեկցիոներները, իսկ բանանի համովը՝ շվեյցարացի մասնագետները։ Հատկապես այս երկուսը յուրահատուկ են ու լավ են սպառվում։ Անանուխի այս նոր տեսակները Արմեն Հայրապետյանի հողամասից բացի աճեցնում են նաեւ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ «Ակոս»-ը նաեւ Ձորաղբյուրից է գնում այս թեյերն ու փաթեթավորում։
«Բանանի ու շոկոլադի համով անանուխները տեղական շուկայում ներկայացնում է միայն «Ակոս» ընկերությունը։ Ուրցն ու դաղձը գնում ենք Լոռվա մարզից, Վայոց ձորից ու Տավուշից»,- ասում է Արմենը։
Բերքի ընտրության հարցում Արմենը բծախնդիր է․ մինչեւ ֆերմերների հետ համագործակցություն սկսելը ներկայացնում է «Ակոս»-ի որդեգրած սկզբունքները, համաձայնության գալուց հետո գնում գյուղմթերքը, տանում Շիրակամուտ։ Որոշ փուլերով անցնելուց հետո գյուղմթերքը փաթեթավորվում ու հրամցվում է սպառողին։
«Ակոս»-ի ներկայացրած տեսականու մեջ կա հատիկեղեն, որը հաճախ զարմացնում է սպառողին։
«Ոմանք զարմանում են ու հարցնում՝ մի՞թե Հայաստանում հնդկաձավար են աճեցնում, իսկ ես ասում եմ՝ այո՛, եւ տեղեկացնում, որ Հարթագյուղում, Ծովագյուղում, Բավրայում հնդկաձավար են աճեցնում, Հարթագյուղում՝ նաեւ ոսպ։ Մենք հատիկեղենը գյուղացիներից ենք վերցնում, բերում ենք Շիրակամուտ, ապա մեր թիմակիցները ձեռքով մաքրում են, այնուհետեւ փաթեթավորում, եւ ապրանքը վաճառում ենք հիմնականում մայրաքաղաքում։ Հուսանք՝ արտահանման ծավալները կմեծանան»,- ասում է Արմեն Հայրապետյանը։
Ի դեպ, նրա մտահղացմամբ «Ակոս»-ը նաեւ գյուղմթերքով նվեր-զամբյուղներ է պատրաստում։ Դրանք հիմնականում առցանց հարթակով են պատվիրում։
«Զամբյուղում ներառված է մեր երկրում աճեցված երկու տեսակի թեյ, չիր, մուրաբա, մեղր, երկու տեսակի թթու լավաշ»,- ասում է Արմենը։
Նա էլի գաղափարներ ունի, որոնք առաջիկայում պետք է կյանքի կոչի։ Կարծում է, որ հայկական գյուղմթերքը, մեր երկրում աճեցված թեյերը արտերկրում կարող են մեծ պահանջարկ ունենալ։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։