Եթե ինձ հարցնեն, թե ինչն է այսօր ամենակարեւոր բանը մարդու համար, առանց տատանվելու կասեմ՝ ընկալել երեւույթների իմաստը։ Այսօր, երբ ամեն ինչ փոխվում է, մարդը հայտնվել է անորոշությունների աշխարհում։ Փոխվում են արժեքները, փոխվում են նախասիրություններն ու ուղենիշները: Մարդը կորցնում է իր հենման կետերը։ Այդ իսկ պատճառով մեզ օդի եւ ջրի պես անհրաժեշտ է հասկանալ՝ դեպի ուր են այս փոփոխությունները մեզ առաջնորդում, եւ որն է այս ամենի իմաստը։
Նախկին գիտելիքներն ու ունակություններն այլեւս չեն բացատրում իրականությունը, չեն հիմնավորում անելիքը։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ անձնական, սոցիալական, քաղաքական։ Ամենուրեք անորոշություն է։ Այդ իրավիճակը միայն մեզ մոտ չէ, այլ ողջ աշխարհում։ Տեսե՛ք, աշխարհը խառնվել է իրար, տեղի են ունենում եղբայրասպան պատերազմներ, աննկարագրելի շատացել են դեպրեսիաներն ու ինքնասպանությունները։ Մարդկության առջեւ խնդիր է դրված՝ նորովի հայտնաբերել երեւույթների իմաստը եւ իմաստավորել կյանքը։
Էքզիստենցիալ վակուում
Աշխարհում դեպրեսիայով տառապող հիվանդների թիվը մոտենում է երեք հարյուր միլիոնի։ Տարեկան մոտ մեկ միլիոն մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ։ Փաստորեն ամեն քառասուն վայրկյանը մեկ մի հոգի ինքնասպան է լինում, ամեն օր՝ մոտ երեք հազար մարդ։ Ամեն տարի տասից մինչեւ քսան միլիոն մարդ փորձում է կյանքն ավարտել ինքնասպանությամբ։ Այս թվերը խոսուն են։ Դրանք շատ ավելի մեծ են, քան պատերազմներում զոհվածների ու սպանությունների հետեւանքով մահացածների թիվը։
Սա իսկական համաճարակ է: Ինքնասպանությունների եւ ընկճախտի հիմնական պատճառն այն է, որ մարդն այս նոր իրավիճակներում չի կարողանում տեսնել իմաստ։
Իսկ եթե մարդը չի տեսնում իմաստ, ամենափոքր բեռն անգամ դառնում է անտանելի: «Ի՞նչ իմաստ կա պայքարել դժվարությունների դեմ» հարցը նրա համար մնում է անպատասխան, եւ անիմաստ է դառնում որեւէ ջանք գործադրելը։
Կառլ Գուստավ Յունգը համարում է, որ մարդը, կյանքի իմաստը կորցնելով, հայտնվում է քաոսում՝ անորոշությունների աշխարհում, եւ նա կարող է հիվանդանալ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Երբ մարդը կորցնում է կյանքի իմաստը եւ չի կարողանում նորովի գտնել այն, առաջանում է «էքզիստենցիալ վակուում»: Եվ հակառակը՝ ցանկացած իրավիճակում ցանկացած մարտահրավեր տանելի է, եթե մարդը տեսնում է իմաստ:
Իմաստը ոգեշնչում է մարդուն
Ի սկզբանե բոլոր մարդիկ, գիտակցված կամ ոչ, իրենց քայլերում իմաստ են փնտրել եւ շարունակում են փնտրել։ Սա բոլորիս տրված բնական մղում է։ Հենց այս բնական մղումն է եղել բոլոր ժամանակների առաջընթացի հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Բոլորիս համար ակնհայտ է՝ անիմաստ է անել իմաստ չունեցող բաներ։ Իսկ կյանքում իմաստ գտնելը ոգեշնչում է մարդուն: Այդ դեպքում նա ցանկացած իրավիճակում տեսնում է ելքեր եւ գտնում է ուժ՝ իրականացնելու իր նպատակները։ Ինչպես Նիցշեն է ասում. «Եթե մարդը գիտի հանուն ինչի, ապա նա ընդունակ է դիմակայել ցանկացած ինչպես-ի»:
Մեր ժամանակներում բավարար չէ, որ մարդը միայն ենթագիտակցորեն, մեխանիկորեն շարունակի իմաստ փնտրել։ Այսօր մարդը կոչված է գիտակցված քայլեր անել՝ հասկանալու ստեղծված իրավիճակի իմաստը։ Հենց միայն այն, որ փորձում ենք հասկանալ իմաստը, իմաստավորում է մեր կյանքը եւ ապրած-չապրածը։
Ամեն ինչում կա իմաստ
Եթե մեզ հետ պատահել է որեւէ դեպք, հայտնվել ենք որոշակի իրավիճակում, ուրեմն այնտեղ կա իմաստ։ Նշանակում է` այս իրավիճակից բան ունենք սովորելու։ Մենք կանչված ենք հասկանալու երեւույթի իմաստը։ Յուրաքանչյուր իրավիճակ մեզ որոշակի դաս է տալիս, մեզ կոչ է անում ընկալելու, հաղորդ լինելու իմաստին։ Եթե չսովորենք դասը, չենք փոխադրվի հաջորդ դասարան։ Ու կյանքը կգտնի ձեւեր մեզ նորից նույն դասը տալու համար։ Ու չի բացառվում, որ այն կլինի ավելի ցավոտ։ Կյանքի դասերը, որոնք մեզ հրավիրում են հաղորդ լինելու իմաստին, հաճախ են ցավոտ լինում։
Այս ճանապարհի առաջին քայլը հենց այն է, որ գիտակցված փնտրենք իմաստ։ Յուրաքանչյուրիս կյանքի իմաստը ուրույն եւ անկրկնելի է։ Եվ ամեն ոք ինքը պետք է ընկալի այն։ Որեւէ մեկը չի կարող ուրիշին ցույց տալ նրա կյանքի իմաստը կամ էլ արգելել նրան գտնել այն: (Ում հետաքրքիր է այս թեման, խորհուրդ եմ տալիս ընթերցել ճանաչված հոգեբան Վիկտոր Ֆրանկլի գործերը):
Բավական է՝ որեւէ իրավիճակում փնտրենք իմաստ, ամեն ինչ սկսում է իմաստավորվել։ Ամենածանր վիճակներում անգամ կա իմաստ։ Այդ ծանր ճակատագրական վիճակները տրվում են մեզ, որպեսզի հասկանանք, հաղորդ լինենք դրանց իմաստին։ Եվ հաղորդ լինելով գտնենք եւ անենք մեր անելիքը, որին կոչված ենք։
Իմաստն առաջնորդում է գործելու
Իմաստը ենթադրում է անելիք: Ինչպես հավատքն է առանց գործերի մեռած, այնպես էլ անիմաստ է դառնում իմաստին հաղորդ լինելը, եթե այն չի առաջնորդում գործելու: Մենք կոչված ենք մասնակիցը լինելու Մեծ Գործի: Յուրաքանչյուր գտնված իմաստ մեզ հրավիրում է մեր լուման ներդնելու այդ Գործում:
Սովորաբար մենք չենք տեսնում ողջ անցնելիք ճանապարհը։ Մենք տեսնում ենք միայն առաջին մի քանի քայլերը։ Մենք քայլում ենք կարծես խարխափելով, որոշակիորեն տեսնելով ուղղությունը, զգալով, թե հաջորդ քայլին որտեղ է պետք դնել ոտքը։ Մեր ընկալած իմաստը դառնում է այն կողմնացույցը, որ ցույց է տալիս հաջորդ քայլերի ուղղությունը: Մենք սովորում ենք անել մեր անելիքը առանց հստակ տրված ճանապարհային քարտեզի՝ հրվելով իմաստի զգացողությունից:
Այդ աղոտ զգացողությունն առաջնորդում է մեզ իմաստների աշխարհ, որտեղ բոլոր իմաստները ներդաշնակորեն գոյակցում են:
Ինչպե՞ս փնտրել
Իմաստ փնտրելու ճանապարհին ես չգիտեմ ավելի օգտակար գործիք, քան գրելը:
Եթե որոշել եք փնտրել իմաստ, սկսե՛ք գրել: Ինչպես եւ բազմաթիվ այլ պարագաներում, այս դեպքում եւս գրելը կարող է լինել մեր լավագույն օգնականը: Խորհուրդ է տրվում օրը մեկ կամ երկու անգամ տրամադրել ժամանակ եւ գրել պատահած որեւէ դեպքի մասին, որի իմաստն իրոք ուզում եք ընկալել։ Նախ նկարագրե՛ք երեւույթը, հետո տրամադրվե՛ք՝ գտնելու իմաստը: Եվ գրե՛ք այն ամենը, ինչ հայտնվում է մտքում: Ավարտե՛ք խորհուրդներով, արված հետեւություններով։ Գրե՛ք այնպես, ասես խորհուրդ եք տալիս ձեզ համար թանկ մեկին, ում դուք իրոք շատ եք սիրում։ Այդպես կսովորենք երեւույթներում տեսնել իմաստ։ Երբ այն սովորություն դառնա, կյանքն էականորեն փոխվելու է։ Նման գրությունները ես կոչում եմ «Իմաստ փնտրելու գրություններ»:
Կատարվածի իմաստը հասկանալուն կարող է նպաստել նաեւ զբոսանքը: Եթե կանգնել եք որեւէ խնդրի առաջ եւ ուզում եք ընկալել երեւույթի իմաստը, դո՛ւրս եկեք զբոսնելու: Քայլելը, զբոսնելը կարող են լավագույնս օգնել մեզ՝ գտնելու մեր հարցերի պատասխանները: Գնացե՛ք զբոսանքի եւ այդ ընթացքում ջանացե՛ք մտորել հուզող հարցի մասին: Փորձե՛ք զգալ, կռահել ձեզ հուզող հարցի իմաստը:
Չկասկածե՛ք՝ իմաստը հայտնվելու է։ Հավատա՛, փնտրողը գտնում է:
Լինենք իմաստուն
Իմաստունը նա է, ով հաղորդ է իմաստին։ Ու եթե մեկը հաղորդ է իմաստին, էլ կարիք չկա, որ նրան սովորեցնեն՝ ասելով, թե ինչն է լավ, ինչը՝ վատ։ Նա ուղղակիորեն տեսնում ու տարբերակում է լավն ու վատը, բարին ու չարը։ Երբ հաղորդ ենք լինում իմաստին, մեր դեմքերին հայտնվում է իմաստունի ամեն ինչ հանդուրժող, ամեն ինչում իմաստ տեսնող ժպիտը։ Եվ այդ ժամանակ Թումանյանի նմանությամբ կարող ենք ասել՝ «Ու ժպտում է իմ հոգին չարին, բարուն, ամենքին»։
Անցյալում կային իմաստուն ծերունիները, որոնք հուշում էին ճանապարհը, ցույց տալիս ուղղությունը։ Եվ նրանց խոսքն անբեկանելի էր ճանապարհ փնտրող երիտասարդների համար։
Ու դա լավ էր։ Այդպես իմաստությունը փոխանցվում էր սերնդեսերունդ։
Այդ ժամանակներն անցել են։ Հեղինակությունների ժամանակը մոտենում է ավարտին: Թվում է՝ մեր ժամանակներում այլ տարբերակ չկա. պահանջվում է, որ մարդը սովորի ինքնուրույն հասկանալ իմաստը, կողմնորոշվել, որոշել եւ քայլ անել։
Ու սա եւս ունի իր իմաստը. մարդը սովորում է ինքնուրույն քայլել այդ աշխարհներում։ Ընդ որում՝ նա սովորում է քայլել՝ հրվելով իր ընկալած իմաստից։
Իմաստը տեսնելը մնայունին հաղորդ լինել է նշանակում։ Իմաստ փնտրելը ուղղորդում է մեզ դեպի հոգեւորը, լուսավորը։ Իմաստ փնտրելով՝ մենք սկսում ենք անցողիկում տեսնել մնայունը, ժամանակավորում՝ վերժամանակայինը, հաղորդ ենք դառնում անանցանելիին։
Փնտրենք իմաստ. այն ներկա է հենց մեր կողքին եւ մեր մեջ։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։