Այս օրերին ֆինանսների նախարարությունում վերջնական տեսքի է բերվում 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը մինչեւ սեպտեմբերի վերջը պետք է ներկայացվի Ազգային ժողովի դատին։
Այս պահին դժվար է ասել, թե կառավարությունը եկող տարվա համար ինչ ցուցանիշներ՝ ծախսեր, եկամուտներ եւ կանխատեսումներ կներկայացնի, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ 2023 թվականը լինելու է բավականին ծանր ֆինանսական տարի։ Ունենալու ենք աննախադեպ ծախս, որը եթե կատարվի, կճնշի 2023-ի բոլոր ծրագրերը։ Դա պետական պարտքի մարման համար վճարվող գումարն է՝ ֆինանսների նախարարության կայքում առկա տվյալների համաձայն 1 մլրդ դոլարից ավելի։
Հայաստանի պարտքի մարման պատմության մեջ որեւէ տարի նման մեծ թիվ չի եղել, եւ ՀՀ Կառավարությունը որեւէ տարի նման գումարի պարտք չի վճարել։ Այս տարվա բյուջեով պետական պարտքի մարման եւ սպասարկման համար հատկացվել է 400 մլն դոլար, որը մոտ 3 անգամ պակաս է հաջորդ տարվա համար նշված գումարից։ Եվ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած պատմական ռեկորդներից մեկն է, այս դեպքում՝ հակառեկորդը։
1 մլրդ դոլարը մեր բյուջեի եկամուտների 20-25 տոկոսն է եւ կարող է շատ լինել անգամ տարիներ շարունակ մեր բյուջեի ամենամեծ ծախսից՝ կենսաթոշակներին կամ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարից։
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Հաջորդ մի քանի տարիներին էլ ավելի մեծ է լինելու պարտքի մարման գումարը․ 2024-ին՝ ավելի քան 1,1 մլրդ դոլար, իսկ 2025-ին՝ ավելի քան 1,5 մլրդ դոլար։ Այնուհետեւ որոշ չափով նվազելու է այդ գումարը, բայց իր պիկին հասնելու է 2031 թվականին՝ 1,6 մլրդ դոլարից էլ ավելի։ Այսինքն՝ առաջիկա ինը տարիներին Հայաստանն ունենալու է պարտքի մարման շատ ծանր բեռ, եւ այն համեմատաբար նվազելու է միայն 2032 թվականից։
Իհարկե, պարտքի մարման բեռը ավելացել է այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններից ու ՀՀ քաղաքացիներից ավելի ու ավելի շատ վարկ են վերցրել։ Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 9 մլրդ 974 մլն դոլար է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով ավելի։
Իհարկե, այս պարտքը միայն Փաշինյանի իշխանությունը չի վերցրել, հեղափոխության տարում Հայաստանն արդեն ուներ շուրջ 7 մլրդ դոլարի պարտք, որի գերակշիռ մասը՝ 5.5 միլիարդը, վերցրել է Սերժ Սարգսյանի իշխանությունն իր տասը տարիների ընթացքում։ Փաշինյանի իշխանությունն իր չորս տարիներն այդ բեռն ավելացրել է եւս 3 միլիարդով։
Բայց հաջորդ մի քանի տարիներին 1 մլրդ դոլար եւ ավելի պարտքի մարման ու սպասարկման չափը հիմնականում նախկինների թողած բեռն է, գործող կառավարությունը պետք է վճարի դա։
Նաեւ հետաքրքիր է, թե ինչպես է, որ հաջորդ տարվանից երեք եւ ավելի անգամ ավելանում է պարտքի մարման համար պահանջվող գումարը։ Բանն այն է, որ նախկին իշխանությունները միայն 2008-2010 թվականների ճգնաժամի տարիներին մեծ վարկեր վերցրին ու գրեթե կրկնապատկեցին մեր պարտքը՝ հասցնելով 3,8 մլրդ դոլարի։ Հետագա տարում նույնպես խոշոր վարկեր են վերցրել։
«Հատկապես 2008-ի ճգնաժամից հետո Հայաստանը մեծ պարտքեր արեց, հետո դրանք վերավարկավորեց։ Հիմա եկել է դրանք մարելու ժամանակը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։
Խնդիրը նաեւ այն է, որ դոնոր կազմակերպությունները տված վարկերի համար արտոնյալ ժամկետներ են սահմանում մինչեւ տասը տարի։ Նախկինների վարկերի արտոնյալ ժամկետները լրացել են, պարտքերն էլ ավելացել, ու չի բացառվում, որ որոշ վարկերի ընդհանրապես մարման ժամկետն է ավարտվում։ Այդպիսով ՀՀ Կառավարությունը, նույնն է, թե ժողովուրդն այսուհետ ավելի շատ գումար է վճարելու պարտքի մարման համար։
Առաջիկա տարիներին պարտքի մարման գումարն ավելանալու է նաեւ նախկինում թողարկված եվրաբոնդերի ժամանակը լրանալու պատճառով։ Դրանք սովորաբար թողարկվում են 10 տարի ժամկետով։ Օրինակ՝ 2025-ի համար նշված 1,5 մլրդ դոլարի մարման զգալի մասը 2013 թվականին վերցրած 500 մլն դոլարի եվրաբոնդերն են։ Դրանք ամենաթանկ պայմաններով թողարկված բոնդերն են, որոնց մարումը վերջնաժամկետում հասնելու է 850 մլն դոլարի։
Բայց մեր կառավարությունները, առհասարակ, բոնդեր թողարկող երկրները, ժամկետի ավարտին դրանք ոչ թե մարում են, այլ վերաթողարկում են։ Այսինքն՝ այլ եվրաբոնդեր են թողարկում՝ մարելու համար նախորդը։ Արդյունքում նոր պարտք է ավելանում. ՀՀ թե՛ գործող, թե՛ նախկին կառավարություններն արդեն այդ միջոցին դիմել են երկու անգամ։ Չի բացառվում, որ նույնը անեն նաեւ 2025 թվականին։
Բայց ի՞նչ է անելու կառավարությունը հաջորդ երկու տարիներին 1 եւ 1,1 մլրդ դոլարի պարտքի մարման ու սպասարկման համար կամ կարողանալո՞ւ է բյուջեից միայն դրա համար այդքան գումար հատկացնել։ «Վճարվում է այս պահի դրությամբ ամեն ինչ։ Խնդիր չկա»,- պատասխանեց Պապոյանը։
Վճարելո՞ւ է, թե՞ վերաթողարկելու է այդ պարտքի գոնե մի մասը։ «Կգա ժամանակը, կխոսենք»,- անորոշ հավելեց նա։
Այս դեպքում միակ մխիթարանքն այն է, որ դոլարով արտահայտված պարտքը էժանացել է, քանի որ տարադրամն է արժեզրկվել. եթե մեկ տարի առաջ պարտքի սպասարկման համար 10 դոլարը գնվում էր 4800-4900 դրամով, այսօր արդեն 4008 դրամով։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։