Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ 2022-ի առաջին կիսամյակի տվյալներով հայկական անձնագրերով երկիր մուտքի ու ելքի տարբերությունն անցյալ տարվա համեմատ կրկնակի կրճատվել է։
Ըստ նրա` 2022-ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների անձնագրերով ՀՀ սահմանահատումների` մուտքերի ու ելքերի տարբերությունը եղել է շուրջ 39 հազար։
2021-ին ամբողջ տարվա ընթացքում այդ ցուցանիշը 94 հազար է եղել։ Ընդ որում` թե՛ մեկնողների եւ թե՛ վերադարձողների դեպքում ճնշող մեծամասնությունը դեպի ՌԴ ու հակառակ ուղղությամբ տեղաշարժերն են, ինչը թերեւս վկայում է աշխատանքային միգրացիոն հոսքերի մասին։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանողների թիվը 16 հազարով գերազանցել է Հայաստանից մեկնողների ցուցանիշը։
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, որ ՀՀ-ից արտագաղթը վերջին տարիներին լուրջ ծավալների է հասել։
ՀՀ կառավարությունը որոշել է 2022-ի հոկտեմբերի 13-22-ը հանրապետությունում մարդահամար անցկացնել։ Վերջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 11 տարի առաջ` 2011-ին։ Դրա տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 միլիոն 871 հազար 509 է։