Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը սեպտեմբերի 8-10-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։
Հանդիպումների ընթացքում դեսպան Ռիքերը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան խթանելու հարցում։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր հարցերի համապարփակ եւ խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավվածությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ինչպես նաեւ Եվրամիության նման համախոհ գործընկերների հետ: