Հայկական բանակն իրեն սպառել է այն տեսքով, որով գոյություն է ունեցել մինչեւ վերջին պատերազմը։ Թե՛ պատերազմից առաջ, թե՛ հատկապես պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ այն անհետաձգելի արդիականացման կարիք ունի եւ չի կարող կատարել իր առջեւ դրված խնդիրները։
Եթե նույնիսկ Հայաստանում հիմա լինեին լավագույն զորահրամանատարներն ու ռազմական գործի մասնագետները, աշխարհի լավագույն ռազմական փորձագետներն ու պրոֆեսիոնալ կարգադրիչները, դա չէր լուծի հայկական բանակի առաջ ծառացած բոլոր խնդիրները։ Պատճառն այն է, որ այդ խնդիրները ռազմավարական են եւ կապված ապագայի հեռանկարի հետ։
Զինծառայության համակարգը, որը ենթադրում է 18 տարին լրացածների պարտադիր զորակոչ, իրեն սպառել է։ Այդ համակարգը ձեւավորվել է ագրարային կացութաձեւի տնտեսական համակարգով երկրներում, որտեղ մեկ կնոջը վիճակագրությամբ բաժին էր ընկնում 5-6 ծնունդ, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 70-80%-ը, բնակվում էր գյուղական բնակավայրերում, իսկ գրագիտության մակարդակը հազիվ 5-6% էր:
Այդպիսի երկրներում բանակն ու եկեղեցին համարվում էիր յուրատեսակ սոցիալական «վերելակներ», որտեղ աղքատ, կրթական ցածր ցենզով բնակչությունը ծառայելով կարող էր ստանալ պարտադիր ուսուցում, ապահովել կրթական մակարդակի բարձրացում, հետագայում ունենալ աշխատանք, մրցակցային եկամուտ։ Բայց դա աշխատում էր, կրկնենք, ագրարային՝ դասային հասարակություններում։
Այսօր մեկ կնոջը բաժին է ընկնում մոտ 1,5 ծնունդ, գյուղական վայրերում բնակվում է բնակչության կեսից քիչը, իսկ համատարած գրագիտության մակարդակը հասնում է գրեթե 100%-ի։ Թե՛ խորհրդային եւ թե՛ հատկապես անկախության շրջանում բանակում ծառայելու համար պետությունը ոչ մի նոր խթան չի ստեղծել։ Հետեւաբար բանակը դարձել է ոչ պոպուլյար ինստիտուտ, ոչ մրցակցային ու, տրամաբանորեն, ենթարկվել բացասական սելեկցիայի:
Բանակում ծառայության են անցել հիմնականում այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել իրենց գտնել այլ ոլորտներում, որոնք միմիայն ու բացառապես սոցիալական խնդիր են լուծել եւ, որ ամենակարեւորն է, գնացել են բանակ ոչ թե ռիսկի ու պատասխանատվության, այլ հանգիստ կյանքի ու կայուն աշխատավարձի համար։ Իսկ պատերազմական վիճակում, երբ զինվորական ծառայությունն ամենառիսկային աշխատանքն է, պետությունը չի մտածել համապատասխան վարձատրության, խրախուսման եւ հոգածության մասին։
Պարզից էլ պարզ է, որ ողջ հետանկախական շրջանում ծառայության են անցել այն խմբերն ու խավերը, որոնք ի վիճակի չեն եղել «ազատվելու բանակից», գտնելու մրցակցային աշխատանք, ստանալու մրցակցային կրթություն. այսինքն՝ գլխավորապես բնակչության ամենաանապահով խավերը։ Բանակից ազատվելը դարձել էր համաժողովրդական մարզաձեւ՝ միավորելով հարուստներին ու միջին խավին։
Ոմանք բանակից ազատվել են «գիտական», «բժշկական» հանգամանքներով, ոմանք փորձել են գոնե «տանելի» վայրերում ծառայություն ապահովել իրենց երեխաների համար։ Բանակը, այդ դիտանկյունից, դարձել է աղքատության յուրահատուկ հարկ, ինչից էլ բխել են բազմաթիվ սոցիալական, մշակութային ու կազմակերպչական խնդիրներ։
Այդ խնդիրները վերջիվերջո հանգեցրել են բանակի ֆունկցիոնալ լճացմանն ու կառույցի յուրատեսակ ծիսականացմանը, որը դուրս է առօրյա կյանքից, քննադատությունից, չի ենթարկվում ռեֆլեքսիայի ու ամեն գնով «սրբադասվում է»՝ քարանալով ու դեգրադացվելով։ Սրբադասվում է՝ տողատակում փորձելով սիմվոլներով լցնել սոցիալական ու քաղաքական բացերը, պաթոսով ու ճառերով լղոզել ներկայի գորշությունն ու համատարած կոռուպցիան, բարձիթողի վիճակն ու գլխակեր իներցիան։
Արդյունքում ստեղծված իրավիճակից միակ ելքը բանակի անցումն է պայմանագրային մոդելի՝ բարձր սոցիալական երաշխիքներով ու մրցակցային աշխատավարձով։
Իսկ ինչ են անում ներկա իշխանությունները։ Հայտարարում են, որ առկա է բյուջեի պրոֆիցիտ, պետությունը ռեսուրսների խնդիր չունի, տնտեսությունը աճում է երկնիշ ցուցանիշներով, միլիոնավոր դոլարների գումարներ են վերադարձվելու թալանչիներից, սակայն, գործնականում, երբ բանը հասնում է բանակի բյուջեի պլանավորմանը, պարզվում է, որ փող չկա։ Ավելին՝ հայտարարվում է, որ հարուստները կարող են վճարել 50 հազար դոլար եւ ծառայել 4,5 ամիս, այն էլ՝ ուսումնական էտապով, իսկ աղքատները կծառայեն հարուստների տված գումարի հաշվին՝ սահմանին, իրենց կյանքն ամեն օր ու ամեն ժամ ռիսկի ենթարկելով։
Այսինքն՝ դե ֆակտո եւ դե յուրե հիմնական ծառայություն կանցնեն նրանք, որոնք փող չունեն։ Բանակն այլեւս բոլորի (պետության ու հասարակության) գործը չէ, արդարության ու հավասարության ինստիտուտ չէ, այն այսուհետ օրինական հիմունքներով համարվում է աղքատների բեռը։ Չէ՞ որ, ըստ հին հայկական ասացվածքի, եթե չես կարող արմատախիլ անել կոռուպցիան, առաջնորդի՛ր այն։
Հիմա, ուրեմն, ռազմամարզական հավաքներն ու կամուֆլյաժով դեֆիլեները բանակի ռեֆորմի հետ շփոթած երեսփոխանները որոշել են օրինականացնել կոռուպցիան, որ շրջանառվող կոռուպցիոն գումարներն ու կաշառքները օրինական ճանապարհով գնան ՊՆ բյուջե եւ ոչ թե տարատեսակ զինկոմների, ՊՆ վարչության պետերի ու անհասկանալի միլիոնատերերի գրպաններ։
Պետությունն, ուրեմն, հրաժարվում է բանակից՝ այն հայտարարելով գլխացավանք ու դնելով աղքատների ուսերին։ Աղքատներն էլ, իրենց հերթին, հռչակվում են հայրենիքի պաշտպաններ ու նվիրյալներ։ Նրանց խոստանում են բնակարաններ, բուժօգնություն եւ պայծառ ապագա։ Սոցիալական բեւեռացման ու շերտավորման օրինականացման այս գործընթացը, թերեւս, լավագույն օրինակն է, թե ինչպես է պետությունը հրաժարվում արբիտրաժի իր ֆունկցիայից, ինչպես է կոռուպցիան վեր դասում արդարությունից ու հավասարությունից եւ պարտված երկրի բանակը հռչակում բանվորագյուղացիության «ճիտին պարտք»։
Բանակը, փաստորեն, ներկայիս կառավարիչների համար գլխացավանք է, մի բան, որից պրծում չկա, եւ որի հետ չգիտես ինչ անել։ Մանավանդ որ հռչակել ես խաղաղության դարաշրջան, երկրի սահմանների պաշտպանության ու անվտանգության ֆունկցիաները պատվիրակել ես ոխերիմ դաշնակցիդ եւ բանակը դիտարկում ես որպես աշխատանքի տեղավորման գործակալություն։ Աղքատների ու թշվառների զբաղվածության կենտրոն, որն աղքատ մեծամասնության եւ նրանց սոցիալական թշվառության մարմնացումն ու բեռն է, նրանց անորակ, կարճ ու ռիսկային կյանքի մարմնացումը։
Բանակ, որից բոլորը հոգնել են, որը գցում են իրար գրպան, ու որը իրենց քսանամյա թալանի, պոռոտախոսության, մեծամտության ու հանցավոր անգործության մարմնացումն է դարձել։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։