Գեւորգ Փաշայանն ուսանող է, միաժամանակ՝ ազատ փորձագետ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում: Նրան այստեղ է բերել հետաքրքրությունը միլիոնավոր տարիներ առաջվա Հայաստանի բնության նկատմամբ: Մոլորակի վրա կյանքի զարգացման եւ հատկապես դինոզավրերի դարաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը 1999 թվականին նրանում արթնացրել է BBC «Զբոսանք դինոզավրերի հետ» հեռուստասերիալը (Walking with dinosaurs): Նա վստահ է, որ բնության պատմության իմացությունը, իրական էկոկրթությունն ու բնությանը մոտ գտնվելը մեզ հնարավորություն կտան զարգացնելու գիտությունը:
«Վաղը տիեզերք նոր հրթիռ բաց կթողնեն, իսկ մեր գիտությունը հետ է մնում: Հայաստանում գիտությունը չի զարգանում, որովհետեւ հայերենը գիտական լեզու չէ. մեր լեզվով գիտական գրականություն չկա: Մեզ մոտ գիտությունը չի զարգանում, որովհետեւ չունենք պրոդուկտ: Գնացեք մոտակա խանութ, կգտնե՞ք մի սարք, որ Հայաստանում է արտադրվել»,- ասում է Գեւորգը:
Նա կամավորության սկզբունքով փորձում է վերակենդանացնել բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի բրածոները՝ հաշվի առնելով հնագույն տեսակների անատոմիական առանձնահատկությունները: Ստեղծում է մեզնից միլիոնավոր տարիներ առաջ ապրած կենդանիների մոդելները: Այս կերպ փորձում է իր ներդրումն ունենալ գիտության հանրայնացման գործում, հետաքրքրություն ստեղծել երիտասարդ սերնդի շրջանում, փորձում կապ հաստատել հասարակության ու գիտության միջեւ:
Այս շնաձուկն, օրինակ, կավճե դարաշրջանից է (145-65 միլիոն տարի առաջ), իսկ ձուկը Հայաստանի տարածքում բնակվել է 40 միլիոն տարի առաջ: Կենդանիների եռաչափ պատկերների ստացման համար հիմք են հնէաբուսաբանության բաժնում եղած բրածոները, կենդանիների դաջվածքներն ու այլ վաղեմի նյութերը:
Այստեղ եղած հնէաբանական նյութի մի մասը ցուցադրված է նորաստեղծ թանգարանում, իսկ մյուսները գիտնականների խնամքի տակ են: Ոչ միայն կենդանիների, այլեւ բույսերի բազում մնացորդներ կամ դաջվածքներ կան:
«Բրածոյացման համար անհրաժեշտ է ջրային (լիճ, գետ, ծով) կամ խոնավ միջավայր։ Երբ մահացած բույսը կամ կենդանին ընկնում է ջրային միջավայր, խոնավանում է, ծանրանում եւ իջնում է լճի կամ գետի հատակը։ Այստեղ թթվածինը քիչ է, քայքայման պրոցեսները շատ դանդաղ են ընթանում, ինչի հետեւանքով նստվածքային ապարի վրա բույսի դաջվածքը մնում է: Հաճախ բույսից ոչինչ մնացած չի լինում, բայց դաջվածքն օգնում է տեսակորոշման հարցում»,- պարզաբանում է Էլեն Հակոբյանը:
Երիտասարդ գիտնականներ Էլեն Հակոբյանն ու Նարինե Հայրապետյանը հնէաբուսաբանության միջոցով փորձում են պարզել Սեւանի էկոհամակարգի ծագումն ու զարգացումը:
Էլենը բուսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող է, Թուրինի համալսարանի երկրաբանական գիտությունների բաժնի ասպիրանտ: Ուսումնասիրում է Սեւանի ավազանի համեմատաբար երիտասարդ՝ Հոլոցենի (մեզնից 12 հազար տարի առաջ) ժամանակաշրջանի երկրաբանական շերտերում պահպանված սերմերը: Դրանց նմուշները նրանք գտել են Ծովինարի տեղամասի տորֆավայրից:
«Ավելի երիտասարդ տորֆային շերտերում հնարավոր է լինում գտնել սերմը, ոչ թե դաջվածքը: Ճիշտ է, դրանք տարբեր փոփոխությունների են ենթարկված, բայց պահպանված են»,- պարզաբանում է Էլենը:
Հնէաբուսաբանությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու անցյալում աճող բույսերի մասին: Ինչքան հետ ենք գնում ժամանակով, այնքան բույսերն ավելի շատ են փոխվում, քանի որ դրանց աճման պայմանները՝ խոնավությունը, ջերմաստիճանը, նույնպես այլ են եղել:
«Անցյալի բուսականության փոփոխությունների հիման վրա կարող ենք հասկանալ կլիմայական փոփոխությունները, հետեւապես նաեւ որոշակի կանխատեսումներ անել ապագայի համար»,- ասում է նա:
Նարինեի գործն էլ բարդ է, նա հնէաբանական նյութից փորձում է զատել ծաղկափոշին ու դրա միջոցով պարզել Սեւանա լճի էկոհամակարգի փոփոխությունները: Նույն ժամանակաշրջանի վերաբերյալ ուսումնասիրությունները երկու գիտնականներին թույլ են տալիս հետեւություններով լրացնել միմյանց: Բայց միշտ չէ, որ հաջողվում է գտնել խճանկարի բոլոր կտորները:
«Փորձում ենք տեղավայրից գտած հնէաբուսաբանական նյութը համադրել, տեսնել՝ մոտավոր ինչ միջավայրում կարող էին միասին գոյատեւել: Միշտ չէ, որ գտածոները միաժամանակ են գոյություն ունեցել, հետեւապես իրականացնում ենք այլ անհրաժեշտ ուսումնասիրություններ»,- ասում է Նարինեն:
3 մետրանոց երկրաբանական կտրվածքի շերտերից վերցված տորֆի կտորները երիտասարդները մշակում են, առանձնացնում, մանրադիտակով զննում եւ գտնում իրենց անհրաժեշտ արժեքավոր նյութը: Հնարավոր է նաեւ, որ շերտը դատարկ լինի, դա եւս կարեւոր տեղեկություն է, թե ինչպես եւ ինչու է բուսականությունը փոփոխվել ժամանակ առ ժամանակ:
«Եթե գտնում ենք ինչ-որ տեսակի սերմ որոշակի քանակությամբ, օրինակ՝ 400 կամ 100 հատ, արդեն նշան է, որ այդ բույսն այդտեղ աճել է: Եթե քիչ է՝ 1-2 հատ կամ մի քանի, հավանական է, որ տեսակը բերված լինի թռչունների միջոցով»,- ասում է Էլենը:
Այս կամ այն շերտից գտնելով ցամաքային կամ ջրային բույսերի մնացորդներ՝ հասկանում են, թե երբ է տեղանքը ջրածածկ եղել, հետեւաբար կարող են որոշել, թե երբ ինչ բարձրության է եղել Սեւանի հայելին:
Հազարամյակներ առաջվա ու այսօրվա բուսական աշխարհի միջեւ նմանություններ կան: Տեսակառաջացումների համար մակրոէվոլյուցիաներ են պետք, ինչը ժամանակային մեծ կտրվածք է ենթադրում: Մինչդեռ ուսումնասիրվող ժամանակաշրջանը՝ Հոլոցենը, մեզնից շատ վաղ անցյալում չի սկսվել ու մինչ այժմ էլ շարունակվում է: Թեեւ կան գիտնականներ, որ պնդում են, որ մենք ապրում ենք մի նոր՝ Տեխնոցենի ժամանակաշրջանում, երբ մարդու ազդեցությունը չափազանց մեծ է:
Օրինակ՝ մեծացել է մարդու ազդեցությամբ բույսերի տեղաշարժը, տեսակների տեղափոխություններն ինտենսիվացել են, բայց սա գիտնականների մեկ այլ խմբի հետաքրքրության շրջանակում է: Նրանք փորձում են պարզել տվյալ բույսի հիմնական աճման վայրն ու տարածման աշխարհագրությունը, ինչպես նաեւ դրանում մարդու դերը:
Երկար ժամանակ վեճեր են եղել, թե արդյոք այս կամ այն բույսը Հայաստան բերվե՞լ է, թե՞ Հայաստանն է դրա հայրենիքը: Նռնենին, օրինակ, հայտնաբերվել է: Այն դեռ մեկ միլիոն տարի առաջ գոյություն է ունեցել Հայաստանի տարածքում:
Բուսաբանության ինստիտուտի գիտնականներն այս օրերին իրենց հայտնագործությունների մասին պատմում են «Սթարմուս գիտության ճամբար»-ի շրջանակում:
Դպրոցահասակները նաեւ հնարավորություն ունեցան լսելու բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի ղեկավար Իվան Գաբրիելյանի դասախոսությունը:
Ամենահինը Հայաստանի տարածքում Դեւոնի ժամանակաշրջանի շերտերն են, որ թվագրվում են մոտ 400 միլիոն տարի առաջ: Դրանք վերջերս են բացահայտել երկրաբաններն ու հնէաբուսաբանները: Սա ամենահին ժամանակաշրջանն է առհասարակ, որին թվագրվող ցամաքային բույսեր են գտել աշխարհի գիտնականները:
Վեդու շրջակայքից գիտնականները հայտնաբերել են Վաղ Տրիասի (250-200 միլիոն տարի առաջ) ժամանակաշրջանի այնպիսի բույսերի մնացորդներ, որոնք ներկայում գոյություն չունեն մոլորակի վրա:
Հաջորդ՝ Յուրայի կամ դինոզավրերի շրջանի բույսերի մնացորդներ եւս հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Բայց դինոզավրերի մնացորդներ՝ դեռեւս ոչ:
«Քանի որ կան ապացույցներ այն միջավայրի մասին, որտեղ եղել են դինոզավրերը, գուցե մի օր էլ դինոզավրեր հայտնաբերվեն»,- ասում է պարոն Գաբրիելյանը:
Աշխարհի տարբեր ծագերից տարբեր մասնագետներ տարբեր ժամանակներում ուսումնասիրել են Հայաստանի հնէաբուսաբանությունը, նկարագրել աշխարհին մինչ այդ անհայտ նոր տեսակներ:
Արմեն Թախտաջյանը համարվել է 20-րդ դարի աշխարհահռչակ բուսաբաններից մեկը: Նա ոչ միայն բուսաբանության ինստիտուտի, այլեւ հնէաբուսաբանության հիմնադիրն է Հայաստանում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։