Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ-ը 2 միլիոն դոլար է տրամադրում հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար:
«Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարելու 2 միլիոն դոլար հատկացնելու մասին մարդասիրական գործողությունների համար, որոնք ուղղված են 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում ականազերծմանը»,- ասված է հայտարարությունում:
Պետդեպարտամենտը շեշտել է, որ ականները եւ չպայթած զինամթերքը հակամարտության գոտում շարունակում են սպանել եւ խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը եւ կանխել տեղահանվածների անվտանգ վերադարձը։
Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին նույն նպատակով հատկացվել էր 500 հազար դոլար։