Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվել է 2022 Grand Chess Tour-ի վերջին փուլը` «Սինքֆիլդի գավաթի» խաղարկությունը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիայի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան, որը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ 5-ական միավորով կիսել է առաջին տեղը, սակայն 1,5:0,5 հաշվով հաղթել է թայ-բրեյքում: 3-4-րդ տեղերը բաժանել են ամերիկացիներ Վեսլի Սոն եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը վերջին` 9-րդ տուրում հանդիպել է Շախրիյար Մամեդյարովի հետ: Ադրբեջանցի շախմատիստը, որը խաղում էր սպիտակներով, փորձել է ամեն գնով հաղթանակ տանել եւ առաջ անցնել մեր հայրենակցից: Լեւոն Արոնյանը, գրագետ պաշտպանվելով, 39-րդ քայլին մրցակցին ստիպել է հաշտություն կնքել:
Հայ շախմատիստը վաստակել է 3,5 միավոր եւ Հանս Նիմանի հետ բաժանել 6-7-րդ տեղերը: Նա կստանա 19 հազար 500 դոլար պարգեւավճար: