ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել:
ՀՀ ՊՆ-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հավաստիացնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ է։
Արցախի պաշտպանության նախարարությունից եւս հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին գնդակոծության են ենթարկել Արցախի հյուսիսարեւմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ավելի վաղ եւս հերքել էին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն ադրբեջանական դիրքերի վրա կրակ չի բացել: