Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի առաջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին:
«Մեր պատվիրակներն Ադրբեջանում տեսակցել են բոլոր նրանց, որոնց գերեվարումը հաստատել է ադրբեջանական կողմը։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատելու իրենց ընտանիքների հետ տեսաուղերձների, նամակների, հեռախոսազանգերի միջոցով»,- նշել է Ամատունին։
Ըստ Ամատունու` հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաեւ պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլեւ առանձնազրույցների ժամանակ։ Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։
Մինչեւ սեպտեմբերի 8–ը պաշտոնական Բաքուն հաստատել է 38 հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց առկայությունը։ Սեպտեմբերի 8–ին հայկական կողմին փոխանցվեցին 5 հայ ռազմագերիներ։
Հայ իրավապաշտպանների տվյալներով ադրբեջանական ցուցակներում չներառված եւս 80 մարդ կա գերության մեջ։