Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ ՀՀ–ում պաշտոնապես գրանցված աշխատողների միայն 3%-ն են աշխատանքային ներգաղթյալները։
Նա նշել է, որ ոչ ԵԱՏՄ անդամ երրորդ երկրներից ժամանած օտարերկրացիները, որոնք աշխատում են Հայաստանում, մեր աշխատողների ընդհանուր թվի շուրջ 1%-ն են: «Եթե ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին էլ հաշվենք, որոնք աշխատում են մեր երկրում, այդ թիվը կարող է լինել առավելագույնը 3%»,– հավելել է Ղազարյանը։
Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանի աշխատանքային ներգաղթյալների առաջին հորիզոնականում, ինչպես եւ ընդհանուր զբոսաշրջային հոսքերի դեպքում Ռուսաստանն է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ Իրանը, ապա` Ֆիլիպինները։
Ըստ Ղազարյանի՝ Հնդկաստանի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան այս տարի նվազել է. ավելի շատ մեկնողներ են եղել, քան ժամանողներ։ 2022-ի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել Հնդկաստանի 9898 քաղաքացի, Հայաստանից մեկնել 11 հազար 262-ը։
Հայաստանում աշխատող իրանցիների տարեկան թիվը մի քանի հարյուրից չի անցնում։ Արմեն Ղազարյանը նշել է, որ այդ երկրից Հայաստան ընդհանուր մուտքերի ծավալը կարող է գերազանցել շուրջ 7000–ը, բայց ելքերն էլ գրեթե 7000-ի չափ են։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին, Միգրացիոն ծառայության պետը շեշտել է, որ Ադրբեջանի անձնագրով «ո՛չ մուտք, ո՛չ ելք սահմանահատումները ցույց չեն տվել»։ Մինչդեռ Թուրքիայի քաղաքացիները մշտապես ելումուտ են անում։ Թուրքիայի քաղաքացիների մուտքի եւ ելքի 2022-ի ցուցանիշները նախորդ տարիների ցուցանիշներից գրեթե չեն տարբերվում։
«Այս տարվա մուտքերի ու ելքերի տարբերությունը շուրջ 100 է` 3900 մուտք, 3800 ելք։ Իմ աշխատանքային փորձից կարող եմ ասել, որ երբ առնչվում ենք Թուրքիայի քաղաքացու անձնագիր ունեցող անձանց հետ, նրանց ճնշող մեծամասնությունը քրդեր են»,– նշել է Ղազարյանը։