Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին՝ 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա եւ Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի եւ տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տեւել են շուրջ 30 րոպե։
Ստեփանյանը նշել է, որ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետեւանքով Կարմիր Շուկա համայնքում տուժել է երկու բնակելի տուն։ Գնդակը խոցել է տներից մեկի երկրորդ հարկի պատշգամբի դուռը եւ թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները, նրանց թվում՝ մեկ անչափահաս, տանն են եղել եւ արթնացել են կրակահերթերից։
Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարեւանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
Կրակահերթերից քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքման ՄԻՊ աշխատակազմի աշխատանքները շարունակում են։
«Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն են, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն եւ խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: