ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով՝ «պատրա՞ստ է արդյոք Մոսկվան ՄԱԳԱՏԷ-ի խնդրանքով զորքերը հետ քաշելու Զապորոժիեի ԱԷԿ-ից» հարցին, հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ից զորքերը հեռացնելու մասին խոսք չկա, կարեւորը՝ ստիպել Ուկրաինային դադարեցնել կայանի գնդակոծությունները:
Ըստ նրա՝ ներկայում կարեւորն այն է, որ ուկրաինական կողմին ստիպեն դադարեցնել կայանի տարածքի գնդակոծությունները, հակառակ դեպքում շատ տխուր եւ աղետալի հետեւանքներ են լինելու։
«Առաջվա պես բոլոր երկրներին կոչ ենք անում օգտագործելու իրենց ազդեցությունը, այն երկրներին, որոնք ունեն այդ ազդեցությունը ուկրաինական կողմի վրա, դադարեցնել այդ գնդակոծությունները, որոնք շարունակվում են ամեն օր»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է եւ կշարունակվի մինչեւ առաջադրված բոլոր նպատակներին հասնելը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, բայց որքան գործընթացը հետաձգվում է, այնքան ավելի դժվարանում է պայմանավորվելը։
Լավրովն ընդգծել էր, որ ռուսական կողմը գիտի ինչպես հասնել իր նպատակներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ այս պահին պատրաստ չէ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Ըստ նրա՝ Կրեմլը նույնպես բանակցությունների առաջարկ հրապարակավ չի արել։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի նստի բանակցությունների այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։
Կիեւը պնդում է, որ ազատագրել է ռազմավարական նշանակության մի շարք բնակավայրեր։ Ռուսական կողմը նահանջը բացատրում է «զորքերի վերատեղաբշխմամբ»: