Լաչինի միջանցքի նոր երթուղին արդեն մոտ երկու շաբաթ է՝ գործում է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի անցակետից մի քանի մետր հեռու ուղեփակոց է, որ նշանակում է՝ դեպի Բերձոր ճանապարհ այլեւս չկա։ Հին ցուցանակը պահպանվում է։ Սլաքը ուղղորդում է ձախ՝ դեպի Բերդաձոր։ Հայերեն են նաեւ Մեծ շեն եւ Հին շեն ցուցանակները։ Վերելք-վայրէջք, ոլորաններ՝ ինչպես որ ստացվել է։ Ավելի ճիշտ՝ տեղանքն ուղղագիծ, հարթ ճանապարհի չէ, ով էլ որ կառուցողը լիներ։ Ընկալումն է զգացմունքային։
Թեեւ առարկայական նշանակությամբ ի՞նչ տարբերություն՝ մտնո՞ւմ ես Բերձոր եւ Աղավնո, թե՞ շրջանցում։ Կարեւորը՝ անվտանգ լինի։ Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ արտառոց բան կա։ Նախկին երթուղու վրա անձնագիր եւ բեռնախցիկ ստուգում էին երկու-երեք անցակետերում, հիմա՝ միայն մեկում. այնտեղ, ուր կիսավարտ է Հայաստան-Ադրբեջան սահմանային կամուրջը։ Հին երթուղու վրա հիմնական ստուգումն Աղավնոյի անցակետում էր։ Նորը, երեւի, դարձյալ ադրբեջանական տարածքում է, որովհետեւ ռուս խաղաղապահները կանգնեցրին, մինչեւ ադրբեջանական համարանիշներով երկու բեռնատար կանցներ։ Երեւի Լաչին էին գնում։
Այդպես պատահում էր նաեւ նախկին երթուղու վրա։ Լինելու է նաեւ վաղը։ Հարցն այն է, թե իրավական ինչ ռեժիմի «տակ է» նոր երթուղին։ Նոյեմբերի 9-ի «կապիտուլյացիոն» փաստաթղթով սահմանված է, որ Լաչինի միջանցքն ունի հինգ կիլոմետր լայնություն եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հսկողության տակ է։ Այսինքն՝ առնվազն մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 9-ը ո՛չ Լեռնային Ղարաբաղի (բացառությամբ Շուշիի), ո՛չ Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի իրավազորությունն ուղղակիորեն չի տարածվում։ Դա՝ եռակողմ Հայտարարության իմաստով, բայց «գետնի վրա» ի՞նչ ունենք։
Հայտնի չէ՝ Ադրբեջանը նոր երթուղու նկատմամբ իր ռազմական դիրքավորումը փոխե՞լ է։ Ինչպե՞ս է համաձայնեցվելու այդ հատվածում շփման գիծը, որտեղո՞վ են անցնելու Արցախը սնուցող էլեկտրահոսքագիծը, համացանցի օպտիկա-մանրաթելային մալուխը, գազատարը։ Նոր երթուղու վրա տեսանելի են աշտարակասյուներ։ Երեւի կփոխվի էլեկտրահոսքագիծը։ Ուղեւորն այսքանն է տեսնում։ Նրա համար բաց է մնում, թե Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհը, որ Ադրբեջանը կարծես սկսել է կառուցել, որտեղով է անցնելու, Հայաստան-Արցախ նոր երթուղու հետ որեւէ կետում հատվելո՞ւ է, թե՞ ոչ։ (Իրազեկներն ասում են՝ չի հատվելու, անցնելու է այսօրվա կիսակառույց կամրջի տակով)։
Բայց ինչո՞ւ եմ այսքանն ասում։ Regnum-ի Բաքվի թղթակիցը պարբերաբար ներկայացնում է մամուլի եւ սոցիալական մեդիայի՝ իր եւ ռուսաստանյան լրատվամիջոցի խմբագրության կարծիքով առավել հետաքրքիր մեկնաբանությունների «ծաղկաքաղ»։ (Ի դեպ, հայաստանյան մամուլից նման «պոդբորկա» չի ներկայացվում)։ Հերթականը նվիրված է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան՝ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին, որի վերաբերյալ օրերս եռակողմ հռչակագիր է ստորագրվել։ «Ուզում էինք միջանցք ստանալ՝ կապվելու մեր հարազատների (նկատի ունի Թուրքիային) եւ մեր տարածքների (սա էլ, կարծես, Նախիջեւանի մասին է) հետ, պարզվում է՝ մենք ենք վերածվում Ռուսաստան-Իրան միջանցքի»,- գրում է ադրբեջանցի օգտատերը։
Նման է, չէ՞, մեր հանրային մտահոգվածությանը։ Իսկ մյուսն առարկում է, թե «լոգիստիկան չափազանց կարեւոր է»։ Երրորդը հույս ունի, որ Ռուսաստան-Իրան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներից Ադրբեջանը «գոնե մաքսատուրք կգանձի»։ Կգանձի՞։ Իսկ եթե Բաքուն «միջանցք» է տրամադրում, որպեսզի Սյունիքում «միջա՞նցք» ստանա։ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան՝ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը դեռեւս հռչակագրված համաձայնության տիրույթում է։ Բուն բանակցություններն առջեւում են։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդուղիների վերաբացման բանակցությունների մի քանի փուլ արդեն եղել է։ Հավանական է՝ մինչեւ տարեվերջ կկազմակերպվի եւս մեկ հանդիպում։ «Հայաստանի տարածքով միջանցք մենք չենք տալու, ճանապարհ տալու ենք»,- Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանը կօգտվի՞ այդ ճանապարհ(ներ)ից, թե՞ իրավիճակը կհանգի «միջանցքային անտրամաբանության»։ Այսինքն՝ փակուղո՞ւ…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։