Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է այս տարի 30 տոկոսով ավելացնել գազի արտահանումը Եվրոպա: Ավելին՝ ընթացիկ տարվա ութ ամիսներին Բաքուն «Եվրոպա է մատակարարել 7,3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ»։
Ըստ նրա՝ 2022-ին Եվրոպա գազի մատակարարումների ընդհանուր ծավալը կլինի 12 միլիարդ խորանարդ մետր, ինչը 2021-ի համեմատ 31 տոկոսով ավելի է:
Ռուսական էներգակիրներից կախվածությունը Եվրոպայում նվազեցնելու նպատակով այս տարվա հուլիսին Բրյուսելն ու Բաքուն ադրբեջանական բնական գազի ներկրումը մինչեւ 2027-ը կրկնապատկելու շուրջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Համաձայնագիրը նախատեսում է նաեւ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով անցնող «Հարավային գազային միջանցքի» ընդլայնում։ Այդ երթուղին կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու եւ մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով:
Թեեւ ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվելու ռուսական գազից, մասնագետների գնահատմամբ, սակայն, այդ ծավալները բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար: