ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների հետեւանքով հայկական կողմն այս պահի դրությամբ 49 զոհ ունի։ «Սակայն սա, ցավոք, վերջնական թիվը չէ։ Մեր սպաները կռվել են հերոսաբար»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է իրականացրել ՀՀ չորս ուղղություններով, իսկ հետագայում եւս 2-3 ուղղություն է ավելացել։
Փաշինյանը հավելել է, որ մարտական գործողությունների ինտենսիվությունն այս պահին նվազել է, սակայն 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։
Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ադրբեջանական զինված ուժերը «Գրադով» հարվածներ են հասցրել Սյունիքի մարզի ուղղությամբ։ Թիրախավորվել է Վերիշեն գյուղը։ Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ արկերն ընկել են գյուղի հարակից տարածքներում, սակայն մի քանիսն ընկել են հենց բնակելի տարածքում։ Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է:
Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր։ Հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ գտնվողների վիճակը բավարար է գնահատվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորներից 4-ին տեղափոխել են Երեւանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար, օրինակ` միկրովիրաբուժության, մենք այստեղ չունենք նման մասնագետ։
Ադրբեջանի պնդումները, թե հրետակոծությունը սկսվել է հայկական կողմից, բացարձակ կեղծ են
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի եւ Լաչինի ուղղություններով Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների լայնածավալ սադրանքի» մասին։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը մթության մեջ, օգտագործելով լեռնային տեղանքն ու կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի եւ մատակարարման ճանապարհների միջեւ ընկած տարածքները։
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե «նման քայլերով Հայաստանը նպատակ ունի դանդաղեցնելու ազատագրված սահմանամերձ շրջաններում խոշոր քաղաքացիական ենթակառուցվածքային ծրագրերի Ադրբեջանի կատարումը եւ լարվածության մթնոլորտ պահպանելու Ադրբեջանի սահմանների մոտ»։
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ՀՀ սադրանքներին ի պատասխան, սակայն այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է եւ սուտ։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի պնդումները, թե հրետակոծությունը սկսվել է հայկական կողմից, բացարձակ կեղծ են։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ակնհայտ տեղեկատվական հենք էր պատրաստում, ինչի վկայությունն են ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվությունները»,– նշել էր նա։