Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ։ Փաշինյանը նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Էմանուել Մակրոնին է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սկսած ագրեսիվ եւ սադրիչ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրադրությունը։
ԱՄՆ-ը մտահոգված է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրություններով։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Ինչպես մենք վաղուց հստակ հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնելու բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ որոշում է ընդունվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք կարձագանքի: