ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով: Պետդեպը հիշեցրել է՝ ինչպես Միացյալ Նահանգները վաղուց հասկացրել է, հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կոչ է անում դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունները, նա այդ մասին թվիթերյան գրառում է արել։
«Պետք է անհապաղ դադարեցվեն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունները եւ ինտենսիվ գնդակոծությունները։ ԵՄ-ն սերտ շփման մեջ է կողմերի հետ` լարվածության նվազեցմանը նպաստելու նպատակով»,–իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ այսօր երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծել է հայկական բնակավայրերը՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս եւ Սոթք։
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնելու կրակը եւ կոչ ենք անում երկու կողմերին գտնելու խաղաղ լուծում:
Ադրբեջանի հարձակումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաեւ ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները եւ այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա:
«Սա հրադադարի կոպտագույն խախտում է եւ ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները անհապաղ եւ ընդմիշտ»,- նշել է Ադամ Շիֆը:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Հայաստանի բնակավայրերի վրա Ադրբեջանի հարձակումը:
Մենենդեսը նշել է, որ հայկական քաղաքների եւ անմեղ բնակիչների հրետակոծումն անընդունելի է եւ անօրինական: «Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը»,- շեշտել է Մենենդեսը:
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը հրետակոծում է միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքները։
«Վրդովված եմ Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ զանգվածային հրետանային կրակ բացելու հաղորդագրություններով։ Որպեսզի պարզ լինի՝ դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են, ոչ թե վիճելի տարածքներ։ Անբարեխիղճ է, որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին»,- հայտարարել է Սփիրը։