ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ:
Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ սադրիչ եւ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, եւ Իրանն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, եւ պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:
Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների ինքնիշխանության ներքո: Էբրահիմ Ռաիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարեւոր է Իրանի համար:
Ավելի վաղ ԱԺ–ում իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվել է՝ Ադրբեջանը հրաժարվում է ՀՀ–ի առաջարկած սկզբունքների հիման վրախաղաղության բանակցություններ վարելուց։ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ տարածքով չեն պատրաստվում որեւէ մեկին միջանցք տրամադրելու։
Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա, ըստ վարչապետի, Ադրբեջանը հայտարարում է, թե այդ հարցով կբանակցի միջազգային կառույցների հետ, չի բացառվում՝ նաեւ ԼՂ բնակիչների հետ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում։ Նա նշել է, որ Ադրբեջանը պահանջում է, որ ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։
Փաշինյանը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահողը` Ալեքսեյ Օվերչուկը, հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ աշխատանքային խմբի պայմանավորվածություն է` նոր բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։