ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին սրացումը դադարեցնելու համար Երեւանի ժամանակով 10:00-ին հրադադար է հայտարարվել։
Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունից եւ ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո:
«Երեկոյան եւ գիշերը ինտենսիվ աշխատանք է տարվել, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից․.. Իմաստն այն է, որ սրացումը դադարեցվի, սահմանային գոտում նորմալ մթնոլորտ ստեղծվի»,- ասել է Կարասինը։
Նա նշել է՝ իրավիճակը հաջողվել է տեղափոխել համեմատաբար հանգիստ, խաղաղ հուն, «առջեւում շատ անելիք կա», որովհետեւ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին։
Վրաստանը պատրաստ է միջնորդելու
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը խիստ շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության դադարեցմամբ եւ պատրաստ է միջնորդ լինելու։
«Այժմ բոլորի համար գլխավոր խնդիր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության դադարեցումը։ Մենք չափազանց շահագրգռված ենք դրանում, եւ եթե Վրաստանը կարողանա որեւէ միջնորդական դեր խաղալ, ամեն կերպ կաջակցենք դրան»,– ասել է Կոբախիձեն։
Անկարան Երեւանին կոչ է անում «կենտրոնանալու Բաքվի հետ բանակցություններում»
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։
«Մենք քննարկել ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին Հայաստանի սադրանքները։ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները եւ կենտրոնանա խաղաղ բանակցությունների եւ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում համագործակցության վրա»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։