Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։
Նախարարը զրուցակցին է ներկայացրել կեսգիշերին ադրբեջանական կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները, ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում:
Հայաստանը սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումի առիթով մշտական խորհրդի նիստ է գումարել:
Պապիկյանն ու Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ հարձակման հետեւանքով ստեղծված իրադրությունը:
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ: