ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջանքեր է գործադրում Հայաստանի սահմանին լարվածությունը թուլացնելու համար։
«Դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության դերը, անձամբ Պուտինի դերը: Բնականաբար նախագահը գործադրում է բոլոր ջանքերը սահմանին իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար: Այդ ջանքերը շարունակվում են»,- շեշտել է Պեսկովը:
Ըստ նրա` Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի հիմքով լուրջ փորձագիտական աշխատանք է ընթանում:
«Երեկոյան հեռախոսազրույց է եղել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած զրույցին համահունչ այժմ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ավելին չեմ կարող ասել։ Երբ ստանանք այդ աշխատանքի արդյունքները, կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հնարավոր դերին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի դեէսկալացիայի հարցում, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ աշխատանքներ են ընթանում։ Միաժամանակ նա որեւէ կոնկրետ բան չի ցանկացել հայտնել։
Վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Մոսկվան հույս ունի, որ ռուսական միջնորդությամբ Երեւանի ժամանակով ժամը 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը կկատարվի ամբողջ ծավալով։
Մոսկվան ծայրահեղ մտահոգվել է սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։
Ռուսաստանի ԱԳՆ-ից նաեւ հավելել էին, որ Մոսկվան առաջվա պես այն տեսակետին է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերը` հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի շրջանակում` Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։