ՀԱՊԿ-ն, իհարկե, ոչ մի զորախումբ էլ չի ուղարկի, քանի որ, ինչպես տեսնում եք, կրակոցները կարելի է դադարեցնել զանգով։ Ռուսները զանգում են, Ադրբեջանը դադարեցնում է։ Թեպետ կրակոցները շարունակվում են ոչ նախկին ինտենսիվությամբ։
Բայց ընդունենք, թե ՀԱՊԿ-ը կարող է իր զորքերը բերել, ինչպես դա արեց Ղազախստանում։ Հետո՞։ Իրադրության հանդարտեցումից հետո թողնում-գնո՞ւմ են։ Իսկ այդ դեպքում ո՞րն է ՀԱՊԿ-ի շահը, եթե Հայաստանը շարունակում է գնալ դեպի Արեւմուտք։ Իսկ եթե չեն գալիս, ոչ մի կասկած, Փաշինյանը ձեռնարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։
Փաշինյանն ԱԺ ամբիոնից ըստ էության խոստովանեց, որ Հայաստանից այսօր ոչինչ կախված չէ։ Հետեւաբար Հայաստանը նայում է աշխարհի ուժեղների կողմը, թե ով կարող է զսպել Ադրբեջանին։ Բայց մենք ճշտե՞լ ենք՝ ովքեր են խրախուսում Ադրբեջանին։
Ռուսաստա՞նը, որը Ադրբեջանի հետ միջանցք էր ուզում Մեղրիում, բայց որը չի ստացվում, քանի որ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ միջանցք չի լինելու, ու դրա դիմաց, ներողություն ձեւակերպման համար, ստացավ 49 զոհ։
Թուրքիա՞ն, որն այսօր դիմել է Հայաստանին ու կոչ է արել, թե «դու կենտրոնացիր խաղաղության օրակարգի վրա»։
Ամերիկա՞ն, որը պատերազմ դադարեցնելու առնվազն մեկ հաջող փորձ ձեռնարկեց (Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույց)։
Մեծ Բրիտանիա՞ն, որը ռուսներին այստեղից դուրս մղելու վաղեմի ծրագրեր ունի։
Իրա՞նը, որին այս հակամարտությունն ուղղակի պետք չէ, եթե, իհարկե, մտադիր չէ առիթից օգտվել ու Ադրբեջանին հիշեցնել, թե Սյունիքում սահմաններ չպետք է փոխվեն։
Ո՞վ պետք է զսպի։ Հարցն էլ հենց այն է, որ զսպող չկա։ Հայաստանն առավելագույնս մենակ է, եւ նրանից ոչինչ կախված չէ։
Զսպել կարող են թվարկված բոլոր երկրներից յուրաքանչյուրը։ Ռուսաստանը, որը Հայաստանից պահանջում է նախորդ տարիների հնազանդությունն ու միջանցքը։ Ամերիկան, որը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրների անձեռնմխելիությունը գործող վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Մեծ Բրիտանիան, երբ երաշխիքներ ունենա, որ Հայաստանը կազատվի Ռուսաստանից։ Իրանը, որ զսպելու միայն մի տարբերակ ունի՝ զորք մտցնել Սյունիք։
Կա նաեւ Թուրքիան։ Բայց զսպելու համար Թուրքիային պետք են այն երաշխիքները, որոնք ավելի վաղ ստանալու դեպքում այսօրվա կռիվը չէին էլ սկսի։
Իսկ Հայաստանից առայժմ իսկապես ոչինչ կախված չէ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: