ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։
Նախարար Միրզոյանը Բարձր հանձնակատարին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի գործողությունների հասցեական եւ համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:
Տոյվո Կլաարն ու Ֆիլիպ Ռիքերը կայցելեն տարածաշրջան
Ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ուղեւորվում է Հայաստան ու Ադրբեջան: Նա նշել է, որ եվրոպացի պաշտոնյան տարածաշրջան է մեկնում՝ աջակցելու լարվածության թուլացմանն ու քննարկելու Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը։
Եվրամիության արտգործնախարարը հայտարարության տեքստում խոսել է ռազմական գործողությունների դադարեցման ու բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու անհրաժեշտության մասին։
«Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչ այս լարվածությունը, եւ հրադադարը պետք է լիովին հարգվի»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ, իսկ ինքը խոսել է արտգործնախարարների հետ։
ԵՄ-ն վերստին հավաստիացրել է, որ հավատարիմ է միջնորդի դերակատարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հասնելու նպատակով շարունակելու հանձնառությանը։
Ամբողջական եւ կայուն զինադադար է անհրաժեշտ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են։
«Ամբողջական եւ կայուն զինադադար է անհրաժեշտ։ Խաղաղությանը եւ կայունությանը այլընտրանք չկա, եւ չկա այլընտրանք դիվանագիտությամբ դրանք ապահովելուն»,- գրել է Միշելը:
Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի՝ Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:
Ֆիլիպ Ռիքերը ավելի վաղ Երեւանում հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ եւ քննարկել ԱՄՆ աջակցությունը տեւական խաղաղության հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: