ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը խիստ մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերելու եւ պահպանելու հրադադարի ռեժիմը:
«Մենք, իհարկե, ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման կապակցությամբ»,- ասել է Ուշակովը:
«Մենք ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին կոչ ենք անում ցուցաբերելու զսպվածություն, անշեղորեն պահպանելու հրադադարի ռեժիմը ե, ընդհանրապես պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հայտարարությունները»,- հավելել է պաշտոնյան:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդները սեպտեմբերի 13-ի երեկոյան փակ ռեժիմով՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը:
Ուշակովը նշել է, որ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը լրատվամիջոցներին կտեղեկացնի ընդունված որոշումների մասին։ Առանձին հայտարարություն կարող է տարածել նաեւ ռուսական կողմը։