Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ «Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– նշել է Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետը նաեւ հայտնել է, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ի հրետակոծության հետեւանքով այրվում է խոտածածկույթը։ «Ներկա պահին ամբողջությամբ խոտածածկույթն է այրվում։ Ծխի մեջ կորած է»,– ասել է նա։
Մարզպետը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի հարձակման հետեւանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաեւ` քաղաքացիական անձինք։ Նա հավելել է, որ ռմբակոծել են համայնքի վարչական շենքը, այրվել է բնակելի տուն:
Կարեն Սարգսյանը հայտնել է, որ մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շարունակում է մնալ գյուղերում, որոշ բնակավայրերից տարհանել են միայն երեխաներին։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության եւ թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
Խոսնակը նշել է, որ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ամբողջ ծավալով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։