Սեպտեմբերի 10-ին ու 11-ին Երեւանի «Երազ» այգում գերակշռող գույնը դեղինն է, համը՝ քաղցրը. անցկացվում է «Քաղցր օրեր Երեւանում» փառատոնը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերից 30-ից ավելի մեղվաբույծներ նույն հարկի տակ ներկայացնում են իրենց մեղվամթերքը:
«Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր, խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ փառատոնի նպատակն է ստեղծել արտադրող-գնորդ շփման, համագործակցությունների ձեւավորման հարթակ, բայց ամենակարեւորը նախագծի կրթական հատվածն է:
«Մինչեւ տոնավաճառը բոլոր մասնակիցների հետ առանձին աշխատել ենք, պատրաստել նրանց արտադրանքի տարբերանշաններին համապատասխան գովազդային այցեքարտեր, ցուցանակներ: Մինչ այս էլի փառատոներ ենք անցկացրել մարզերում, բայց առաջին անգամ է, որ հենց մեղվամթերքն է ներկայացվում»,- ասում է Տիգրան Սեդրակյանը:
Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի («ՔԱՐԴ» հիմնադրամ) ծրագրերի տնօրեն, «Մեղրատոնի» համակարգող Սոնա Թելունցն էլ հավելում է, որ բացի նախապատրաստական փուլի աշխատանքներից՝ մոտ մեկ տարի դասընթացներ են անցկացրել Հայաստանի շուրջ 500 մեղվաբույծների հետ: Հենց այդ ընթացքում էլ առանձնացրել են այն խնդիրները, որոնք, ըստ գյուղատնտեսների, խոչընդոտում են իրենց աշխատանքը:
«Նրանք հիմնականում նշում էին վաճառքի շուկաների սակավությունը, փոքր քանակի պատճառով մեծ շուկաներին անհասանելիությունը: Որոշեցինք ստեղծել հարթակ, որտեղ մեղվաբույծները նոր գնորդներ կգտնեն: Նման միջոցառումներն են մասնակիցներին հնարավորություն տալիս սովորելու՝ ինչպես կարող են իրենց արտադրանքը փաթեթավորել, ձեւավորել: Նաեւ, շփվելով շատ սպառողների հետ, հասկանում են վերջիններիս պահանջները, որ, օրինակ, մեղրը 3 կգ-անոց տարայի փոխարեն կարելի է ավելի փոքր տարաներով վաճառել, ու դա շատ ավելի պահանջված կարող է լինել: Թվում է՝ փոքր բան է, բայց նման ինֆորմացիան ստանում են հենց այսպիսի շփումների ընթացքում»,- ասում է Սոնա Թելունցը:
Հաջորդ կարեւոր նպատակը հասարակությանը սովորեցնելն է, որ մեղրը ժրաջան միջատի միակ արտադրանքը չէ: Կա շուրջ 30 անուն մեղվամթերք, որ օգտագործվում են թե՛ բուժական նպատակներով, թե՛ կոսմետոլոգիայում:
Շիրակի Բագրավան համայնքից Հասմիկ Մեհրաբյանը, օրինակ, տոնավաճառին ներկայացել է իր արտադրած կոսմետիկայով, որի հիմքում մեղրն է: Մասնագիտությամբ մանկավարժ Հասմիկը բուսաբույժ պապիկի գրառումներից է օգտվել, սովորել նրա մասնագիտությունն ու սկզբում իր, հետո հարեւանների ու բարեկամների համար խնամքի պարագաներ պատրաստել: Որոշ ժամանակ անց սիրելի զբաղմունքը վերածվել է բիզնեսի: «Արտադրում եմ մաշկի, մազերի եւ այլ խնամքի պարագաներ՝ օգտագործելով բացառապես բնական հումք: Հինգ տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով, արդեն 1.5 տարի է՝ նաեւ վաճառում եմ»,- ներկայացնում է Հասմիկը:
Արագածոտնի մարզի Արա գյուղից Գնել Մելիքյանը 150 մեղվաընտանիք ունի: Մասնագիտությամբ ճարտարապետ մեղվաբույծն առաջին մեղվաընտանիքները լավ է հիշում՝ ընդամենը չորսն էին: Այս ոլորտում հաջողելու համար Գնել Մելիքյանը կարեւորում է անընդհատ նորը սովորելու պատրաստակամությունը: «Թեեւ արդեն այսքան տարի զբաղվում եմ մեղվաբուծությամբ, բայց միշտ էլի բան կա սովորելու, անընդհատ դասընթացների եմ մասնակցում, վերապատրաստվում»,- նշում է նա:
Երկար տարիներ գյուղատնտեսության այս ճյուղով զբաղվող մեղվաբույծն ակնկալում է, որ պետական աջակցություն կլինի՝ արտադրանքի սպառման շուկաներ տրամադրելու տեսքով: Այդ դեպքում մեղվաբույծը կկարողանա հանգիստ զբաղվել իր աշխատանքով՝ չմտածելով վաճառքի խնդիրների մասին:
Տոնավաճառի ամենաերիտասարդ մասնակիցը Կոտայքի Զառ գյուղից տասներկուամյա Դավիթ Սեդրակյանն է: Դպրոցահասակ տղան մեղուների հանդեպ հետաքրքրությունը հորից է ժառանգել, նրան օգնում է միջատների խնամքի հարցերում, դասընթացներին էլ անպայման մասնակցում է: «Ես արդեն սովորել եմ մայր մեղվին տարբերել, ամենամեծն է, բայց թեւերը փոքր են»,- սովորեցնում է Դավիթն ու շտապում հերթում սպասող գնորդներին սպասարկելու:
«Իմ մեղրը» ապրանքանիշի հիմնադիր Մարիամ Սարգսյանն էլ ցույց է տալիս, թե փեթակները ամռան ընթացքում ինչ «ճանապարհ» են անցնում՝ Վարդենիս, Հրազդան, Դիլիջան, Ջրվեժ, Արարատյան դաշտավայր: «Հայաստանում չկա մի տարածք, որ վեց ամիս ծաղկած լինի, դրա համար անհրաժեշտ է փեթակները պարբերաբար տեղափոխել՝ բնական արտադրանք ստանալու համար»,- բացատրում է մեղվաբույծը:
Փառատոնի կազմակերպիչները ցանկանում են, որ այն շարունակական դառնա ու երկրում մեղվամթերքի սպառման մշակույթ փոխի, ինչպես եղել է, օրինակ, Արենիի գինու փառատոնի դեպքում:
«Այն առաջին երեք տարում կազմակերպվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ, որը «Քարդ» հիմնադրամի նախորդ կառույցն է: Հիմա մենք 10 տարուց ավելի չենք մասնակցում դրա կազմակերպմանը, բայց ամեն անգամ հպարտանում ենք, որ շատ ավելի մեծ ծավալներով է անցկացվում»,- նշում է Սոնա Թելունցը:
Փառատոնի ընթացքում անցկացվում են նաեւ տարբեր վարպետաց դասեր, մասնակիցները ձեռք են բերում նոր հմտություններ, ծանոթանում տարբեր մարքեթինգային գործիքների: «Բանախոսները ներկայացնում են ապիթերապիան (մեղվաբուժություն), թունաքիմիկատների ազդեցությունը, մեղվի նշանակությունը շրջակա միջավայրի համար, ինչը թերագնահատված է ինֆորմացիայի պակասի պատճառով, եւ այլ ոլորտային թեմաներ»,- նշում է Սոնա Թելուցը:
Փառատոնից հետո ներկաները նաեւ մասնակցելու են փակ հանդիպման՝ «բիզնեսը բիզնեսի հետ» ձեւաչափով, որի ընթացքում կփոխանակվեն փորձով, կծանոթանան մեղվաբուծությանն առնչվող սարք-սարքավորումներ սրտադրողների հետ, բիզնեսի ընդլայնման հարթակներ կգտնեն:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: