Թումանյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Մոտկորի գյուղերում (Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան) այս օրերին ջրագծերի նորոգման ու լուսավորության համակարգի անցկացման ծրագրեր են իրականացվում։ Համայնքի՝ 235 մլն դրամ արժողության սուբվենցիոն ծրագրի 100 միլիոնը համայնքապետարանի ներդրումն է։ Հինգ գյուղերում ջրի արտաքին ցանցն է նորացվում։ Թումանյանի համայնքապետ Սուրեն Թումանյանն ասում է՝ ամենամեծ ծրագիրը Լորուտ գյուղում են անում․ սուբվենցիոն գումարի զգալի մասը՝ 196 մլն 142 հազար դրամ, ուղղել են գյուղի արտաքին ջրագծի նորոգմանը։
Պետություն-համայնք համատեղ ներդրումով Քարինջում, Աթանում, Դսեղում եւ Չկալովում բարելավվում է լուսավորության համակարգը։ Իսկ համայնքի միակ քաղաքային բնակավայրում՝ Թումանյանում, մինչեւ տարեվերջ նախատեսվում է արեւային վահանակի տեղադրում եւ տուֆով սալարկում մեկ փողոցում։
Նախորդ տարի Թումանյանին միացած Դսեղը հավակնում է զբոսաշրջային ակտիվ գոտի դառնալու։ Մինչդեռ ենթակառուցվածքների բացակայությունը խնդիրներ է ստեղծում, որոնք, ըստ համայնքապետի, պետական աջակցությամբ լուծել հնարավոր չէ․ մեծ գումարներ են հարկավոր։ Այդ պատճառով որոշել են «ինքնակազմակերպվել» եւ լուծել գյուղի ամենահրատապ՝ խմելու ջրի խնդիրը։
«Հարյուր միլիոն դրամ արժողության ծրագիր ենք ուզում անել, երկրորդ ջրագիծ քաշել գյուղի համար։ Դոնորների շարքում հյուրանոց-հյուրատներն են նաեւ, որոնք շահագրգիռ կողմ են։ Էսօր ունենք հյուրեր, որ գալիս են մի քանի օր մնալու եւ ջուր չլինելու պատճառով հետ են գնում։ Գյուղում 634 տնտեսություն ունենք, մոտավոր 4-5 ժամյա ջրամատակարարում ենք ապահովում․ ջրային պաշարներն էլ ճիշտ չեն օգտագործվում, խմելու ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Ջրակունքներ ունենք, մոտավոր 2500 մետր բարձրությունից եկող ջրեր, տարել ենք նմուշառման, լրիվ նոր խմելու ջրագիծ ենք քաշելու»,- ասում է համայնքի ղեկավարը։
Նոր ջրագծի համար անհրաժեշտ գումարի հավաքումն ընթացքի մեջ է։ Զուգահեռ մտադիր են նաեւ Դսեղի զարգացման հիմնադրամ ստեղծել՝ նոր ներդրումներ ապահովելու նպատակով։
Հարկ է նշել, որ Դսեղի 700 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը չեն մշակվում։ Ոռոգման ջրի բացակայության պատճառով տարիների ընթացքում դրանք խոտհարքների են վերածվել։ Սուրեն Թումանյանն ասում է՝ ոռոգման ցանցի 10-12 կմ հատված բարելավելու խնդիր ունեն, ինչը նախատեսում են անել համայնքի 2023-ի սուբվենցիոն ծրագրով։
Սակայն գյուղական ութ բնակավայրեր միավորող Թումանյանի համար ամենահրատապը շարունակում է լինել ճանապարհների խնդիրը։ Անասնապահությամբ զբաղվող եւ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժով Մոտկորի վեց գյուղերը գրեթե անանցանելի ճանապարհի պատճառով տասնամյակներ շարունակ զրկված են զարգացման հեռանկարից։ Տպավորություն է, որ պետությունը գյուղական բնակավայրերի զարգացումը «խթանում» է գյուղը քաղաքին միացնելով միայն։ Մինչդեռ կենսական նշանակության ենթակառուցվածքների բացակայության պայմաններում գյուղերը մեռնում են։
«Ամենահրատապը ճանապարհի խնդիրն է, հենց ճանապարհը լինի, էստեղ զբոսաշրջությունը մեծ պոտենցիալ ունի։ Մինչեւ գնում ես Ահնիձոր, օրինակ, մի գաղափար ներկայացնելու ժողովրդին, արդեն ճանապարհին հոգնում ես։ Էլ էներգիա չունես, որ լիարժեք խոսես մարդկանց հետ։ Երկու ամիս առաջ փոսալցումներ արեցինք, բայց սելավները քշեցին։ Մարցից վերեւ՝ Իգատակ կոչվող հատվածում, մի քիչ բարեկարգ վիճակ է, բայց ներքեւի հատվածը՝ Մարցից մինչեւ Թումանյան, սելավները քշեցին, տարան»,- ասում է Թումանյանի համայնքապետ Սուրեն Թումանյանը։
Իսկ Հ 70 (Մ6 միջպետական մայրուղի-Մարց-Աթան) հանրապետական նշանակության 27,5 կմ ճանապարհի խնդրահարույց նորոգումն այդպես էլ չի մեկնարկում։ Դեռ ամիսներ առաջ Կառավարությունն ավելի քան 3,5 միլիարդ է հատկացրել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ6) մայրուղուց մինչեւ Աթան 27,5 կիլոմետր, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերն իրար կապող ճանապարհները հիմնանորոգելու համար։ Մոտ մեկ տարի է՝ աշխատանքները չեն սկսվում։
Թումանյանի համայնքապետն ասում է՝ ինտենսիվ կապի մեջ է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ, բայց լծակներ չունի։ Նրան մեկ ամիս առաջ հուսադրել է շինարարական կազմակերպության ներկայացուցչի այցը համայնք, որն, ըստ Սուրեն Թումանյանի, եկել էր հողակտորներ վարձակալելու շինարարական տեխնիկայի կայանման համար։
Մոտկորի ժողովրդին «եկվորներն» այլեւս չեն հետաքրքրում․ տարբեր ժամանակներում եկել են, խոստումներ տվել, ճանապարհը չափել, հետո տեխնիկա բերել, ինչին հաջորդել է մոտկորցիների անորոշ սպասումը։
Հիմա այդ սպասումը ցասում է դարձել։ Գյուղացիներն ասում են՝ Մոտկորին լռեցնել այլեւս չեն կարողանալու, կտրուկ քայլերի են դիմելու։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։