Թեեւ Գագիկ Ծառուկյանն այլեւս պատգամավոր չէ, բայց Ազգային ժողովում նրան չեն մոռանում։ Նոր մեկնարկած աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրն իշխանությունները ներկայացրին նրան վերաբերող մի նախագիծ՝ ցեմենտի ներկրման պետական տուրքը 14 հազար դրամից 9 հազար դրամ դարձնելու եւ կլինկերի՝ ցեմենտի արտադրման հումքի ներկրումն ընդհանրապես պետտուրքից ազատելու վերաբերյալ։ ՀՀ-ն թե՛ ցեմենտը, թե՛ կլինկերը ներմուծում է Իրանից։
«Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ» այդ նախագիծն առաջարկել էին իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Հովիկ Աղազարյանը։ Հարցը զեկուցող Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ ցեմենտի շուկայում անհավասար մրցակցություն է առաջացել՝ 14 հազար դրամ տուրքի պատճառով ներկրման մասնաբաժինը 25 տոկոսից նվազել է 4-5 տոկոսի, իսկ կլինկեր ընդհանրապես չի ներկրվում։
Կառավարությունը դեռեւս 2019 թվականին ԱԺ-ին առաջարկել էր 1 տոննա ցեմենտի ներկրման վրա 22 հազար դրամ տուրք սահմանել։ ՔՊ-ականները եզակի անգամ ընդդիմացել էին իրենց կառավարությանը, թե ներկրումը շատ կնվազի, ու այդ թիվն իջեցրել էին 14 հազարի։ Իշխանություններն այդ քայլին գնացին այն պատճառաբանությամբ, թե տեղական արտադրողները վնաս են կրում, պետք է նրանց պաշտպանել ներմուծողներից։ Հայաստանում տեղական հումքից ցեմենտ են արտադրում «Հրազդան ցեմենտ» եւ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանները։ Մշտապես «Արարատցեմենտին» է բաժին հասել մեր երկրում օգտագործվող ցեմենտի 70-80 տոկոսը։ Եվս 2-3 փոքր գործարաններ իրենց արտադրությունը կազմակերպում էին՝ օգտագործելով Իրանից ներկրվող կլինկերը։
2019-ին Ծառուկյանը կյանքում առաջին անգամ մոտեցավ ամբիոնին եւ 22 հազար դրամի փոխարեն 14 հազար դրամ տուրք առաջարկողներին՝ ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Գեւորգյանին, Հայկ Սարգսյանին, Բաբկեն Թունյանին, համարեց «հայրենիքի դավաճաններ», քանի որ նրանք չեն ցանկանում տեղական արտադրողի «լավը»։ Նրա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հատ-հատ ելույթ ունեցան եւ անարգանքի սյունին գամեցին ՔՊ-ականներին։ Մինչդեռ ՔՊ-ի այդ առաջարկով Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանված 14 հազար դրամ տուրքը 1 տոննա ցեմենտն արհեստականորեն թանկացրեց հենց այդքանով։ Ծառուկյանն ուզում էր, որ թանկանա այնքան, ինչքան կառավարությունն էր նախատեսել՝ 22 հազար դրամով, որպեսզի իր գործարանն ավելի շատ փող ստանա։
Այնուամենայնիվ, կառավարությունն ավելի քան 3 տարի 75 տոկոսանոց «Արարատցեմենտին» ու «Հրազդան ցեմենտին» այդ 14 հազար դրամով 25 տոկոս ներմուծումից այնպիսի ջանասիրությամբ պաշտպանեց, որ փոքրերը փակվեցին, ներկրումը կտրուկ նվազեց, իսկ Ծառուկյանի արտադրությունն էլ ավելի բարգավաճեց։ Այդ երկու գործարանները դարձան մոնոպոլիստներ, իհարկե, Ծառուկյանի գործարանի գերիշխող դիրքի ամրապնդմամբ։
«Որքան էլ ասում էին, թե տեղական արտադրողները կսնանկանան, եղավ հակառակը՝ հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի ավելացան։ Այս տարվա 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա, դա գերազանցում է 5 տարի առաջվա տարեկան ցուցանիշը։ Իսկ անցած տարի արտադրվել է 853 հազար տոննա ցեմենտ։ Եթե 2019-ին ներմուծումը հասել էր 25 տոկոսի, արտադրությունը նվազել էր մինչեւ 75 տոկոսի, այսօր ներմուծումն է նվազել։ Երբ մենք որոշեցինք տուրքը սահմանել 14 հազար դրամ, նպատակը ոչ թե տեղական արտադրողների համար արհեստականորեն գերշահույթ ապահովելն էր, այլ որ նրանք չսնանկանան»,- խոստովանեց Թունյանը։
Տեղական արտադրողները, սակայն, այս երեք տարիներին գերշահույթ ստացան։ Շուկայում 1 տոննա ցեմենտի գինը հասավ 55-60 հազար դրամի, այն դեպքում, երբ 3 տարի առաջ 40 հազար դրամ էր։ Մինչդեռ, օրինակ, «Արարատցեմենտի» արտադրանքի ինքնարժեքն այսօր 30 հազար դրամ է առանց ԱԱՀ-ի։ Այսինքն՝ այս ընթացքում արտադրողները ոչ միայն ծավալ են ավելացրել, այլեւ գին են բարձրացրել՝ ավելի քան 40 տոկոսով։ Իսկ դա արդեն գերշահույթ է ապահովում։ Հատկապես Ծառուկյանին, որին հիմա արդեն պատկանում է ցեմենտի շուկայի ավելի քան 80 տոկոսը։
Իշխանությունները հասկացան, որ իրենց քայլով խոչընդոտել են ազատ մրցակցությունը՝ «Արարատցեմենտին» տալով արտոնյալ դիրք եւ շուկայում գին ու պայմաններ թելադրելու հնարավորություն։ Միգուցե այն ժամանակ դա արել են միտումնավոր՝ քաղաքական նկատառումներով։ Եվ հիմա փորձում են ետքայլ անել, քանի որ Ծառուկյանի գործարանը ցեմենտի շուկայից դուրս է մղել ներկրողներին ու փոքր արտադրողներին եւ սպառնում է պայմաններ պարտադրել։
Հիմա Ծառուկյանը խորհրդարանում մեծաթիվ պատգամավորներով խմբակցություն չունի, որ նախկինի նման իրեն պաշտպանեն։ ԲՀԿ նախկին պատգամավորներից մեկը՝ Սերգեյ Բագրատյանը, որը 3 տարի առաջ ՔՊ-ականներին քննադատում էր տուրքը նվազեցնելու համար, հիմա նրանց թիմում է ու ասում է՝ իր հաշվարկները ապացուցում են, որ այդ նվազեցումն էլ բավարար չէ ցեմենտի շուկայում ազատ մրցակցություն ապահովելու համար։
«Առանց մրցակցության գներ են թելադրվում, որից բողոքում են շինարարները։ Շինարարների միությունը ինձ նամակ է գրել՝ խնդրելով կարգավորել շուկան՝ առաջին հերթին նշելով, որ արտադրության ծավալները չեն բավարարում իրենց պահանջները։ Իրանական ցեմենտը 25 տոկոսից նվազել է 4 տոկոսի, սա նշանակում է՝ ճիշտ չենք աշխատում։ Առաջարկում ենք եւս մի անգամ վերանայել նախագիծը»,- ասում է Բագրատյանը՝ ակնարկելով, որ պետտուրքը պետք է 9 հազարից էլ նվազեցնել։
Այսօր Հայաստանում մեծ թափով շինարարություն է իրականացվում՝ ավելի քան 300 շենք է կառուցվում։ Շինարարները ցեմենտ ձեռք բերելու համար Ծառուկյանի մոտ ծանոթ են փնտրում։ Նրանք անգամ Ս․ Բագրատյանին նամակ են գրել, դժգոհել, որ արտադրության ծավալները քիչ են, պետք է ներկրման հնարավորություն ստեղծվի։ «Արարատցեմենտն» օրական 3000 տոննա է արտադրում, պահանջարկն ավելին է։
Եվս մի նկատառում, 2019-ին ցեմենտի ներկրման վրա պետտուրք սահմանելով եւ տեղական արտադրողին արտոնյալ պայմաններ տալով՝ կառավարությունն ակնկալում էր, որ գործարանները ներդրումներ կանեն, կարդիականացնեն տեխնոլոգիաներն ու կնվազեցնեն արտադրած ցեմենտի ինքնարժեքը։ «Բայց նոր տեխնոլոգիաները, ներդրումները տեսանելի չեն։ Ինքնարժեքը բարձրացել է 45 տոկոսով, մոտ 70 տոկոս գերշահույթ են ստանում»,- հավելեց Բագրատյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։